Երիտասարդական նվագախմբի ամանորյա նվերը՝ Հայֆիլմ նոն ստոպ և Cartoon նոն ստոպ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շարունակում է NON - STOP համերգաշարի անակնկալները: Ամանորյա տոների առթիվ երիտասարդական նվագախումբը պատրաստել է Cartoon նոն ստոպ և Հայֆիլմ նոն ստոպ համերգային ծրագրերը։
Երիտասարդական նվագախումբի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ համերգները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 28-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Cartoon նոն ստոպ համերգների սկիզբը՝ ժամը 15.00, Հայֆիլմ նոն ստոպ համերգներինը՝ 19.00։
Եթե Cartoon նոն ստոպը հայտնի ու սիրված նախագիծ է հատկապես մանուկ հանդիսատեսի կողմից, ապա Հայֆիլմ նոն ստոպը կներկայացվի առաջին անգամ, որի ընթացքում կհնչեն հայկական հայտնի ֆիլմերի («Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան), «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան) և այլն) մեղեդիները։ Ընդհանուր առմամբ կներկայացվի 17 հայկական ֆիլմի երաժշտություն։
Հայֆիլմ նոն ստոպի գլխավոր հովանավորն է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, իսկ Cartoon նոն ստոպինը՝ «Տաշիր պիցան»։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Նոն ստոպ համերգաշարը մեկնարկել է 2012թ. Հոլիվուդ նոն ստոպ նախագծով: