ԻԼԻՊ-ի շարքերում կռվում են հարյուրավոր չինացիներ
Չինաստանի կառավարությունն իր անհանգստությունն է հայտնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» շարքերում չինացի գրոհայինների թվի աճի կապակցությամբ` մտավախություն ունենալով, որ այն բացասաբար կազդի Սինցզյան ինքնավար շրջանի վրա: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստակայանը:
«Տարբեր աղբյուրներից` այդ թվում Իրաքյան Քրդստանի ինքնավարության, Սիրիայի ու Լիբանանի անվտանգության մարմիններից ստացված տվյալների համաձայն` մոտ 300 չինացի է կռվում ԻԼԻՊ-ի շարքերում»,-ասվում է Global Times-ի զեկույցում:
ԻԼԻՊ-ին միանում են հիմնականում «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման» անդամները: Նրանք Սիրիայի են մեկնում Թուրքիայի տարածքով: Չինաստանի իշխանություններն այս շարժման անդամներին մեղադրում են ույղուր մուսուլմաններով բնակեցված Սինցզյան շրջանում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մեջ:
Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ մուսուլմանները կձգտեն Սինցզյանում իսլամական պետություն հիմնել: