Այսօր ի՞նչ անակնկալներ կմատուցի դոլարը
Որոշ փոխանակման կետերում երեկ երեկոյան դոլարի վաճառքի գինը հասավ ու գերազանցեց 525 դրամը: Այսօր արդեն բանկերի մեծ մասը որպես վաճառքի գին սահմանել են 500 ու ավելի ՀՀ դրամ: Բանկերի կողմից դոլարի վաճառքի ամենացածր գին սահմանվել է 495 դրամը, ամենաբարձրը՝ 515 դրամն է:
Ուշագրավ է, որ որոշ բանկեր դոլարն առնում են ավելի բարձր գնով, քան մյուսները վաճառում են: Օրինակ, Ինեկոբանկն ու Հայբիզնեսբանկը դոլարի առքի գին են այս պահին սահմանել 496 դրամը, իսկ Արդշինբանկը, Առեքսիմբանկը, Մելաթ բանկը վաճառքի գին են սահմանել 495 դրամը: Այս պահի դրությամբ միջին փոխարժեքը կազմում է 490.48 դրամ:
ԿԲ-ն երեկ հայտարարեց, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր իրականացվել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք 494.46 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 493.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
ԿԲ-ից ավելի վաղ հայտարարել էին, որ Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությունը արտարժույթի առք ու վաճառքի կետերում (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2014 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ ՀՀ օրենսդրությանը փոխանակման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
Այս պահին ստուգումների արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել: