Թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են առևտրի կենտրոն ունենալ Մոսկվայում
Թեթև արդյունաբերության ոլորտում այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ինչպես արտադրության, արտահանման, ակնպես էլ շուկաների ընդլայնման առումով աճ է գրանցել: Այս մասին այսօր թեթև արդյունաբերության ոլորտի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Իհարկե ընկերություններ կան, որոնք ունեն խնդիրներ, որոնք կապված են ինչպես տնտեսական իրավիճակի, այնպես էլ իրենց կառավարման հետ»,- ասաց նախարարը:
Այսպիսով, ըստ նրա, այս տարվա 10 ամիսներին թեթև արդյունաբերության ոլորտում արտադրվել է շուրջ 7 մլրդ դրամի արտադրանք` նախորդ տարվա համեմատ աճելով 12%-ով: Նշված ժամանակահատվածում արտահանվել է 3 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25 տոկոսով:
Քննարկման ժամանակ կոշիկի արտադրությամբ զբաղվող «Լյուքս» ընկերության տնօրեն Գագիկ Բոստանջյանը նշեց, որ իրենք հիմնականում համագործակցում են ռուսական ընկերությունների հետ և իրենց արտադրանքի 90 տոկոսը իրացնում են ռուսաստանյան շուկայում: Համարելով, որ ռուսական շուկան այսօր հայ գործարարների համար կարևոր նշանակություն ունի, Գ.Բոստանջյանը նախարարին առաջարկեց Մոսկվայում բացել առևտրի կենտրոն, որտեղ հնարավոր կլինի ներկայացնել հայկական արտադրանքը:
«Մեր արտադրանքն այնտեղ պահանջարկ ունի, ցանկալի կլիներ, որ Մոսկվայում ունենայինք վաճառքի կենտրոն»,- ասաց նա:
Կ.Ճշմարիտյանը նկատեց, որ Ռուսաստանում առևտրի կենտրոն ունենալու հարցը բազմիցս բարձրացվել է: Նրա խոսքերով` այս հարցը միայն կոշիկին չի վերաբերում, այն կարող է լինել ունիվեսալ կենտրոն, որտեղ հայ արտադրողները կկենտրոնացնեն իրենց արտադրանքը, այնուհետև այն կտեղաբաշխեն Ռուսաստանի այլ քաղաքներում: Նախարարը Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանին հանձնարարեց այս խնդրով դիմել մեր հայրենակիցներին, ովքեր այնտեղ արդեն նման առևտրի կենտրոններ ունեն:
«Խնդրում եմ մինչև տարեվերջ խնդրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնեք»,- ասաց Ճշմարիտյանը:
Այնուհետև անդրադառնալով դրամ-ռուբլի փոխարժեքին, Գ.Բոստանջյանը նկատեց, որ իրենց արտադրանքը ռուսական շուկայում, բնականաբար, իրացվում է ռուսական ռուբլով, սակայն Հայաստանում ռուբլու առքի և վաճառքի փոխարժեքի մարժան մեծ է, և արտադրողները մեծ կորուստներ են ունենում փոխարժեքի փոխանակման ժամանակ:
« Եթե մյուս արժույթների նկատմամբ մարժան 2-3 տոկոս է, ռուբլու դեպքում կազմում է 10 տոկոս, ինչը զգալիորեն ազդում է շահույթի վրա»,- նշեց Գ. Բոստանջյանը:
Կ.Ճշմարիտյանն ասաց, որ այդ հարցով կփորձեն պարզաբանում ստանալ ՀՀ կենտրոնական բանկից, բայց միաժամանակ նշեց, որ այս շրջանում նման տատանողականությունը սպասելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները