ՄԱԿ. ԻԼԻՊ-ը 350 երեխայի գրոհային է դարձրել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի` մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայի պատերազմող կողմերը արհամարհում են ՄԱԿ ԱԽ-ի` քաղաքացիներին պաշտպանելու պահանջները: Այս մասին հայտնում է ABC News-ը:
«Դաժանությունը, բռնությունը և մարդկանց կյանքի նկատմամբ անտարբերությունը դարձել են 2011 թվականի մարտից սկսված հակամարտության դրոշմը»,-ԱԽ նիստում հայտարարել է Ամոսը` նշելով, որ փետրվարից մինչև տարվա վերջ կրկնապատկվել են զոհերի թիվը` 100.000-ից հասնելով 200.000-ի:
ՄԱԿ ներկայացուցիչը դատապարտել է նաև երեխաների ու կանանց նկատմամբ բռնությունները:
«Հումանիտար օգնության կարիք ունեցող երեխաների թիվը փետրվարին 4 մլն էր, իսկ այժմ 5.6 մլն: Երեխաներին սպանում են, կտտանքների ու սեռական բռնության ենթարկում»,-ասել է նա` շեշտելով դրանում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դերակատարումը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ընթացքում աճել է գրոհայիններ դարձող երեխաների թիվը: Ամոսի խոսքով, 350 երեխա, որից ամենափոքրը 5 տարեկան է, զինվորական պատրաստվածություն է անցել ԻԼԻՊ-ի ճամբարներում:
Բռնությունների են ենթարկվում նաև կանայք, ում իսլամիստներն առևանգում և հատուկ տղամարդկանց են վաճառում Ռաքքայի շուկաներում, իսկ վերջիններս էլ նրանց բռնաբարում են: