ԿԳ նախարարն անդրադարձել է աշխատաշուկայում բակալավրի և մագիստրոսի պահանջարկի տարանջատման խնդրին
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հրավերով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հատկանշական է համարել, որ ուսումնական հաստատության գոյության 20 տարիների ընթացքում կրթության և գիտության նախարարն առաջին անգամ է այցելում բուհ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Արմեն Աշոտյանն իր ներածական խոսքում ներկայացրել է վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները և զարգացման տեսլականը: Անդրադառնալով ակադեմիայի գործունեությանը` նախարարն ընդգծել է, որ տարիների ընթացքում բուհին հաջողվել է ինտեգրվել ՀՀ կրթական ոլորտ` վերածվելով ժամանակակից կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատության:
Նախարարի ելույթից հետո ուսանողները մի շարք հարցեր են ուղղել Արմեն Աշոտյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են կրթություն-աշխատաշուկա կապին, բուհերում պետպատվերի շրջանակում տրվող տեղերի բաշխմանը, պետության համար գերակա համարվող մասնագիտությունների ընտրությանը, ինչպես նաև բուհերում տարկետման իրավունքի վերացման հնարավորությանը:
Այդ կապակցությամբ նախարարը նշել է, որ վերջին տարիներին բուհերին պետպատվերի տեղերի հատկացման գործընթացում կատարվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես, պետությունը հստակ սահմանել է իր համար գերակա համարվող ուղղությունները, այն է` ՏՏ ոլորտը և ագրոկրթությունը, արվեստի գծով մասնագիտությունները, ինչպես նաև մարզային բուհերի զարգացումը:
Արմեն Աշոտյանի խոսքով` վերոնշյալ գործընթացի արդյունքում կառավարությունը նվազեցրել է պետպատվերի տեղերը տնտեսագիտական, մանկավարժական, լեզվաբանական մասնագիտությունների գծով, այն իսպառ վերացվել է ԵՊՀ-ի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում: Ուսանողների խնդրանքով նախարարը հանգամանալից անդրադարձել է Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցության հետևանքներին` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացի կառուցվածքային բարեփոխումներն ավարտվել են, իսկ բովանդակայինը կրում է շարունակական բնույթ:
Մասնավորապես, Արմեն Աշոտյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել աշխատաշուկայում բակալավրի և մագիստրոսի պահանջարկի տարանջատման խնդրին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ողջ աշխարհում բարձրագույն կրթության մասսայականացմանը և բուհերի` որպես ոչ միայն աշխատաշուկան համապատասխան մասնագետներով ապահովման, այլ որպես լուսավորչական օջախներ և հանրային արժեք ստեղծող կառույցների դերին: Մասնակիցները նաև հարցեր են ուղղել 12-ամյա կրթության, դպրոցներում սերնդափոխության անհրաժեշտության, ուսուցչական համակազմի մասնագիտական հմտությունների, ինչպես նաև երիտասարդ կադրերի աշխատանքի տեղավորման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա