Սոցիալական խնդիրները և դեմոնստրատիվ ինքնասպանություններն Ադրբեջանի ներկայիս քաղաքական համակարգի «պտուղներն» են. հոգեբան
Ադրբեջանի համար անցնող տարին հիշարժան էր բռնաճնշումների տեսանկյունից. քաղաքացիների կողմից ենթագիտակացված դժգոհությունները ժամանակ առ ժամանակ արտահայտվել են ցուցադրական ինքնասպանության և պատկան մարմինների ներկայացուցիչների վրա հարձակման փորձերի տեսքով: Իշխանություններն իրենց հերթին ցույց տվեցին իրենց թաքնված անհանգստությունը. հենց այս տարի «ճաքեր տվեց» քաղաքական վարչակազմի «ժամանակակից իմիջը», որի ձևավորման համար համար մեծ գումարներ էին ներդրվել: Այս մասին ադրբեջանական «Մինվալ.ազ» լրատվական պորտալին տրված հարցազրույցում ասել է քաղաքական հոգեբան Սամիրա Հասիմլին:
Ինչպես նշվում է նյութում, հոգեբանն անդրադարձել է այնպիսի արդիական թեմաներին, ինչպիսիք են Ադրբեջանում քաղաքացիների` իրավապահ մարմինների ներկայացուցիչներին նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, կամ թե ինչու հասարակությանը չի անհանգստացնում նավթի գնի նվազումը:
«Իշխանությունները երկար ժամանակ ստեղծել են այնպիսի միջավայր և հարաբերությունների համակարգ, որը ճնշում, սպանում է անհատի ներուժն ու էներգիան: Նման պայմաններում ծավալվում են սոցիալական և քաղաքական անկարգությունն ու քաոսը»,- վստահեցնում է հոգեբանը:
Հասիմլիի խոսքերով՝ Ադրբեջանում վաղուց դադարել են հարգել ոստիկաններին. ադրբեջանցի ոստիկանի անբարյացակամ կերպարը ստիպում է քաղաքացիներին պաշտպանել իրենց ուժային կառույցների ներկայացուցիչների չնախատեսված գործողություններից:
Համաձայն հոգեբանի խոսքերի՝ իշխանություններին հաջողվում է ուղեղների լվացումը, բայց այսպիսի քարոզչությունը բնակչության որոշ հատվածներում, մասնավորապես՝ կարծիք ստեղծողների շրջանում, առաջացնում է զզվանք, քանի որ մարդիկ կորցրել են միմյանց գոնե ինչ-որ հարցերում օգնելու շարժառիթը: Սակայն բնակչության զգալի հատվածի չիրազեկված և անկիրթ լինելու ֆոնի վրա իշխանություններին հեշտությամբ հաջողվում է խեղաթյուրել ճշմարտությունը և ազդել բնակչության՝ ներկայիս Ադրբեջանի իրական կերպարի ընկալման վրա:
«Մեր հասարակությունն արդեն իսկ վաղուց մասնատվել է մի քանի հատվածների: Ինչպես արդեն նշվեց, նրանց մեծ մասն ապրում է այլ իրականությունում, որտեղ «Բաղդադում ամեն ինչ հանգիստ է»: Այդ մարդիկ հավատացել են այն հեքիաթներին, թե համաշխարհային ոչ մի ճգնաժամ չի ազդելու մեր տնտեսության վրա, քանի որ մենք ունենք «սև ոսկի». քանի դեռ մեր բնակչությունը չի տեսնում և չի զգում իրական ֆինանսական անբավարարությունը երկրում, մենք չենք նկատելու հասարակական վրդովմունքի ինչ-որ դրսևորումներ»,- պնդում է հոգեբանը:
Ինչպես նշվում է աղբյուրում, Հասինլիի կարծիքով՝ սուիցիդալ տրամադրությունները հասարակությունում գոյություն են ունեցել մինչ հրապարակայնորեն կատարված ինքնասպանությունների մասին վերջին լուրերի տարածումը: Մասնագետն ուշադրությունը հրավիրել է այն հարցին, որ վերջին շրջանում ինքնասպանության բոլոր փորձերը երկրում ավարտվում են ինքնահրկիզմամբ կամ «Քյորօղլու» կամրջից նետվելու փորձով: «Մարդիկ, ովքեր կամրջին են բարձրանում, հայտարարում են պաշտոնյաների կողմից իրավախախտումների մասին», - նշել է նա:
Հոգեբանի խոսքերով՝ ինչ անունով էլ կոչեն մարդկանց ցուցադրական ինքնասպանության դրդելու խնդիրները, ստեղծված իրավիճակի աղբյուրը ներկայիս քաղաքական համակարգն է: «Ե՛վ սոցիալական խնդիրները, և՛ մարդու իրավունքների խախտումները, և՛ դատական անարդար գործընթացները. այս ամենը քաղաքական ներկայիս համակարգի «պտուղներն են»»,-ասել է Հասիմլին:
Ինչպես նշվում է նյութում, Հասիմլին գտնում է, որ Ադրբեջանում պատգամավորների թեկնածությունների առաջադրման որոշումը մեծամասամբ ընդունվում է չարչիական և դավադրական տարբեր ազդեցությունների ներքո. ոմանց համար կարևոր է պագգամավորական անձեռնմխելիության ստացումը՝ օրենքի կողմից հետապնդումից խուսափելու համար, մյուսների համար էլ իշխանությունում լինելը հարստության հասնելու թեթև և արագ միջոց է:
«Իշխանությունը, վերահսկելով ամբողջ հասարակությանը, մանիպուլյացիայի է ենթարկում մարդկանց և ստեղծում ինչ-որ կեղծ տեսանելիություն: Այսպիսով այն ստիպում է բոլորին նմանակել քաղաքական գործունեությունը: Նմանակում են գրեթե բոլորը՝ և՛ իշխանությունները, և՛ քրեական քաղաքական գործիչները, և՛ նույնիսկ քաղաքական մրցակիցները»,- եզրափակում է հոգեբանը:
Նախորդիվ՝
Ա. Իսազադե. Ադրբեջանում ինքնասպանությունների աճը հասարակությունում աճող ագրեսիայի արդյունքն է
«Մինվալ.ազ». Ադրբեջանցի երիտասարդները բողոքում են ընդդեմ հաճախացած ինքնասպանությունների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան