Պղպեղի պահածոյի օգտագործման հետևանքով բոտուլիզմի դեպք է արձանագրվել
Նախօրեին արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված պղպեղի պահածոյի օգտագործումը: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Տավուշի մարզի Բերդավան գյուղի 24- ամյա բնակիչը, որն այդ ժամանակ գտնվել է Վանաձորում, օգտագործել է պղպեղի պահածո: Նույն օրը տուժածի ինքնազգացողությունը վատացել է և դիմել է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդը ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Բժիշկները հիվանդի վիճակը գնահատում են ծանր:
Բուժումը շարունակվում է:
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն:
Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-1300 C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա