Եթե ԿԲ նախագահի ելույթը մի քանի օր շուտ լիներ, ավելի էֆեկտիվ ազդեցություն կունենայինք. Արսեն Ղազարյան
«Հույս ունեմ, որ դրամ-դոլար տատանումները կկանոնակարգվեն, իսկ այն ցայտնոտային իրավիճակը, որ ստեղծված էր շուկայում, հատկապես ներկրվող ապրանքների մասով, կկարգավորվի և պոտենցիալ գնաճը կմեղմվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Այն, ինչ մենք մեկ շաբաթվա ընթացքում տեսանք, դա աննախադեպ թռիչք էր և ինչ- որ տեղ բնական էր, որ ներկրողը չի կարող միայն մեծ կորուստներ ունենալով զսպել իր գնաճը: Շուկան ինքը կկարգավորվի, այսօր մեկ դոլարը 490 դրամ է, վաղը գուցե կունենանք դրամի ելման դրություն և գների այս տագնապը կանցնի, շուկան էլ առողջ կաշխատի, քանի որ տարեմուտի առևտուրն ամբողջովին արգելակման ռեժիմի մեջ էր, մարդիկ չգիտեին ինչ գնով ֆակտուրաներ լրացնել և այլն: Հուսով եմ` մենք կվերակագնենք այս վիճակը»,- ասաց Ա. Ղազարյանը:
Անդրադառնալով ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ելույթին, նա նշեց, որ այն իր դրական դերն ունեցավ արժութային շուկայի կայունացման վրա և դրանից մի քանի ժամ անց արձանագրվեց դոլարի կուրսի նվազում, դրամն արժևորվեց. «Իմ կարծիքը հետևյալն է՝ եթե ելույթը մի քանի օր շուտ լիներ, մենք ավելի էֆեկտիվ ազդեցություն կունենայինք»:
Նրա խոսքերով` նման դեպքերում, բացի օրինաչափ երևույթներից, որոնք ամբողջ աշխարհում կան, հասարակության մեջ նաև հույսերը, սպասումներն ու տագնապն են էական դեր խաղում:
Հարցին, թե գործարարները գո՞հ են կառավարության աշխատանքից, Ա. Ղազարյանը նշեց` իր խնդրանքն է, որպեսզի մեկ շաբաթվա քայլերը որպես քաղաքականություն չդիտարկել: Դրանք մարտավարական քայլեր են, որոնք արվում են շուկայի ցնցումների հետևանքով. «Շատ դժվար է մարգարե լինել և կանխատեսել այդ ամենը և կանխարգելել: Կարևորը՝ և վարչապետը երեկ հայտարարություն արեց, և ԿԲ նախագահը համարձակվեց գնահատական տալ: Իրավիճակը բարդ է, հարևան շուկաներում էլ է նույն վիճակը, մենք էլ բավական ճկուն ու ճարպիկ ենք, շուտ ենք արձագանքում, բացի այդ, սպեկուլյատիվ երևույթներն են բավական շատ: Հույս ունեմ, որ կպատժվեն»:
Հարցին, թե, օրինակ, կպատժվի՞ Սամվել Ալեքսանյանը, ով կտրուկ բարձրացնում է շաքարավազի գինը, Արսեն Ղազարյանը պատասխանեց, որ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին հանձնարարել է զբաղվել մի քանի ապրանքատեսակների գների անհիմն թանկացմամբ, որոնց թվում է նաև շաքարավազը:
Դիտարկմանը, թե Ա.Ալեքսանյանը կպատժվի, նշեց. «Նախ, Սամվել Ալեքսանյանը գործարար չէ, իր հիմնած համակարգն է աշխատում: Թող Շաբոյանն ուսումնասիրի և ասի: Համակարգը իրավունք չունի դեպուտատին պատժի»:
Նա միաժամանակ ասաց, որ սպեկուլյացիան ավելի շատ իրականացվում է տարադրամի փոխանակման կետերում, փոխարժեքի «սև» շուկայում, իսկ բանկերը երեկվանից սկսել են ազատ վաճառքը:
Ա. Ղազարյանը քաղաքացիներին էլ խորհուրդ տվեց՝ տագնապի մեջ չընկնել և չշտապել արժույթը փոխել: