«Սեռավարակների արձանագրումն առավել շատ է Շիրակում և Գեղարքունիքում»
Հայաստանում սեռավարակի գրանցված մի դեպքն անգամ մեր երկրի համար շատ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի անանուն խորհրդատվության և հետազոտման ծառայության համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ մեր երկրում առողջության պահպանումը ազգային անվտանգության նման հարց է:
«Վերջին տարիներին Հայաստանում սեռավարակների աճ նկատվում է: Աճել են այն ծառայությունները, որտեղ հնարավոր է հայտնաբերել սեռավարակ, արդյունքում էլ շատ դեպքեր են արձանագրվում»,-նշեց Հ. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ դրա հետ միասին կա մի բացասական կողմ ևս՝ սեռավարակների բուժմամբ զբաղվում է ցանկացած մարդ, դա կարող է լինել հարևան, դեղատան աշխատող, անգամ ցանկացած մեկը, ով համացանցից կարդացել է՝ ինչպես կարելի է այս կամ այն սեռավարակը բուժել:
«Այդ պատճառով էլ սեռավարակների ռեալ պատկերը դժվար է ներկայացնել: Փոքրիկ տարբեր խմբերում՝ օրինակ սեռական ծառայություններ մատուցողների, միգրանտների, հետազոտություններ արվում են»,-նշեց բանախոսը:
Պատասխանելով հարցին՝ Երևանում, թե մարզերում են գրանցված ավելի շատ դեպքեր՝ Հովհաննիսյանն ասաց. «Հայաստանի հիվանդների մեծ մասը դիմում են Երևանում բուժում ստանալու համար և արհեստականորեն ստացվում է, որ Երևանում արձանագրված հիվանդների քանակն ավելի շատ է, բայց բաշխվածությունը մոտավորապես նույնն է մարզերի հետ: Օրինակ Շիրակում և Գեղարքունիքում, որտեղ միգրացիան զարգացած է, այնտեղ ավելի շատ է սեռավարակների արձանագրումը»:
Հանդիպմանը ներկա Ուկրաինայում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ Ալիանսի» ԵՄ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Լեսյա Խմելն էլ հայտնեց, որ UNAIDS-ի համաշխարհային զեկույցի համաձայն` մեր տարածաշրջանում արձանագրվել է սեռավարակների 5 տոկոս աճ` 110 հազար նոր դեպք:
Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ 305 ՄԻԱՎ վարակի նոր դեպքի արձանագրումը վկայում է այն մասին, որ շատացել է ՄԻԱՎ-ի հայտնաբերումը մյուս տարիների համեմատ:
Անփոփելով խոսքը նա ասաց, որ երբեք պետք չէ առիթը բաց թողնել սեռական հիվանդությունների կանխարգելման մասին խոսելու. «Պետք չէ ռիսկային վարքագիծ ունեցող անձանց ու մեզ առանձնացնել, քանի որ ցանկացած վարակ, որը տարածված է ռիսկային վարքագիծ ունեցողի մոտ, շատ հանգիստ կարող է լինել առողջ մարդու մոտ, եթե քայլեր չտարվեն, այդ վիրուսները կարող են հանգիստ դուրս գալ և կպնել յուրաքանչյուրին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա