Ամանորը ռուսները կանցկացնեն հայրենիքում
«Գազետա.ռու» լրատվականի տվյալներով, Ռուսաստանում արտագնա շրջագայությունների փաթեթների վաճառքը դադարեցվել է: Ռուսներն այս ամանորին արտերկիր ճանապարհորդությունների չեն պատրաստվում գնալ, հատկապես՝ Եվրոպա: Այս մասին վկայել է ռուսական տուրարտադրության միությունը:
Փորձագետները վստահ են, որ զբոսաշրջային ծառայությունների շուկան կոնսոլիդացման կարիք ունի:
«Գազետա. ռու»-ի փոխանցմամբ, ռուսական տուրարտադրողների միության մամլո քարտուղար Իրինա Տյուրինան հայտարարել է. «Սև երկուշաբթիից հետո, երբ եվրոն հատեց 100 ռուբլու սահմանը, զբոսաշրջիկները շոկ ապրեցին: Շուկան կաթվածահար է եղել: Զբոսաշրջային փաթեթների գները պարզապես գերաճել են»:
Ըստ Տյուրինայի՝ ամանորյա տուրերի վաճառքը նախորդ տարիների համեմատ նվազել է 50 տոկոսով: Որոշ զբոսաշրջիկներ էլ, աղբյուրի փոխանցմամբ, ստիպված են հրաժարվել շրջագայություններից՝ ճամփորդության հետ կապված հավելյալ ծախսերի պատճառով (սնունդ, էքսկուրսիաներ): Կան զբոսաշրջիկներ, որոնք նախօրոք վճարել են շրջագայության փաթեթի արժեքի մի մասը, իսկ հիմա տուրօպերատորները նրանցից պահանջում են հավելյալ վճարներ ևս՝ եվրոյի և դոլարի այսօրվա փոխարժեքով: Նման խնդրի առաջ են կանգնել նույնիսկ այն զբոսաշրջիկները, ովքեր ամբողջ փաթեթի համար էին վճարել: Հիմա նրանց մնում է միայն հրաժարվել շրջագայությունից՝ կորցնելով որոշակի գումար, կամ էլ գնալ ճամփորդության՝ կարճացված ծրագրով: