«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենը համոզված է, որ առկա քրեական հետապնդումը որևէ կապ չունի իր հետ. փաստաբան
«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ.
«Վերջերս մամուլում հաճախակի շոշափվում է «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի անունը՝ կապված նրան ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ: Նշվում է, թե իբր Ի.Կլիմկոյի օրոք ընկերությունում տեղի են ունեցել չարաշահումներ ՝ գումարների յուրացումներ, անգամ նշվում են գումարների չափեր՝ մի քանի տասնյակ միլիարդ դրամի չափով: Միևնույն ժամանակ լրատվամիջոցները ակնարկում եմ, թե իբր 2012 թվականի վերջին Ի.Կլիմկոն կարելի է ասել փախուստի է դիմել Հայաստանից՝ հապճեպ ազատվելով պաշտոնից: Նախ` ստիպված եմ կրկին անգամ կոչ անել լրատվամիջոցներին պահպանել անմեղության կանխավարկածը և չկատարել անհիմն եզրահանգումներ կամ պիտակավորել մարդկանց:
Ի.Կլիմկոն իր շահերը պաշտպանելու համար դեռևս սույն թվականի օգոստոս ամսին դիմել է ինձ: Անկախ բոլոր դատական նախադեպերից, ԱԱԾ քննչական վարչությունը և գլխավոր դատախազությունը համառորեն մերժում են իմ ներգրավումը որպես պաշտպանի: Այսօր՝ 18.12.2014թ. Կենտրոնի դատարանում լսվելու է իմ համապատասխան բողոքը: Սակայն Ի.Կլիմկոն գտնում է, որ հայ հասարակությանը պետք է տեղյակ պահվի նրա մասին, որ նա աշխատանքից ազատվել է 2012 թվականի դեկտեմբեր ամսին՝ իր գործատուի հետ փոխադարձ համաձայնությամբ, ընդ որում՝ գործատուն ոչ միայն վճարել է իրեն հասանելիք աշխատավարձը, այլ նաև ամբողջությամբ հոգացել է անգամ իր կենցաղային գույքի տեղափոխումը ՌԴ: Դժվար է պատկերացնել, որ յուրացումների մեջ կասկածվող պաշտոնյայի նկատմամբ կարող է դրսևորվել նման վերաբերմունք: Բացի այդ, Ի.Կլիմկոյի պաշտոնավարման դադարեցման հետ կապված «ԱրմենՏելի» սեփականատեր ընկերության՝ «Վիմպելկոմի» փոխնախագահը ընկերության աշխատակիցների համար տարածել է հայտարարություն, որում իր շնորհակալությունն է հայտնում Ի.Կլիմկոյին կատարած աշխատանքի համար: Դարձյալ դժվար է պատկերացնել, որ մի անձի, որն իբր յուրացումներ է կատարել, հրապարակավ հայտարարվում է շնորհակալություն՝ կատարած աշխատանքի լավագույն գնահատականներով: Նշեմ նաև, որ պաշտոնից ազատվելուց հետո Ի.Կլիմկոն նշանակվել է ավելի բարձր պաշտոնի ՝ Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից մեկում:
Ի.Կլիմկոն համոզված է, որ առկա քրեական հետապնդումը որևէ կապ չունի իր հետ, և եթե իրոք առկա են ինչ-որ չարաշահումներ, ապա դրանց թե պատճառները, թե իրականացնողներին պետք է փնտրել որևէ այլ վայրում: Ինչ վերաբերում է բուն մեղադրանքին, ապա դրա էությանը կանդրադառնանք հետագայում ՝ քանի որ անհրաժեշտ է ստանալ համապատասխան դատավարական փաստաթղթերը և հասկանալ, թե ինչում է ի վերջո մեղադրում Ի.Կլիմկոյին ԱԱԾ քննչական վարչությունը»:
Նախորդող հրապարակում՝
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն հետախուզվում է ՀՀ իրավապահների կողմից. Փաստինֆո