Յուրի Վարդանյանի որդին վաղաժամկետ ազատ է արձակվել
Մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Դ. Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 4-ին կայացված դատավճռով նա դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:
Դ. Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ (Մաքսանենգություն) և 268-րդ հոդվածի 3-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մասերով:
Ըստ մեղադրական եզրակացության, Դավիթ Վարդանյանը 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան: Դ. Վարդանյանը պնդում է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել Հայաստանում՝ Ագարակ քաղաքում, անձնական օգտագործման համար:
Նախորդող հրապարակումներ՝
Հրապարակվեց Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը
«Ինչ օպերատիվ տվյալներ են ունեցել, ինչ դեղեր են ման եկել...». Յուրի Վարդանյանի որդու գործով փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում