Ադրբեջանում ընտրողների թվաքանակի հերթական կեղծումն է գրանցվել. այժմ 1,8 մլն. տարբերությամբ
Ժողովրդավարական նախաձեռնությունների ինտիտուտն Ադրբեջանում անցկացրել է «ընտրողների գրանցման աուդիտ» թեմայով հետազոտություն, որի նպատակն էր ցույց տալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Պետական վիճակագրական ծառայության ցուցանիշների միջև եղած տարբերությունները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է նյութում, հետազոտության անցկացման պատճառը եղել է ԿԸՀ և ՊՎԾ արդյունքների միջև եղած տարբերությունը. եթե առաջին դեպքում պնդվում է, որ Ադրբեջանում կա 5 մլն. ընտրող, ապա ՊՎԾ-ն պնդում է, որ ընտրողների թիվը 6,8 մլն-ից ավելին է: Դրանք մինչ 2014-ի հունվարի մեկը 18 տարին լրացած անձանց տվյալներն են: «Այսպիսով՝ տարբերությունը 1,8 մլն ընտրող է»,- գրում է գործակալությունը:
Հետազոտության շրջանակներում անցկացվել է հարցում: 125 ընտրատարածքներից պատահականության սկզբունքով ընտրվել է 15-ը: Ըստ աղբյուրի՝ հարցումը անցկացվել է 18-ից մինչև 25 (10,1%), 26-35 (19,5%), 36-45 (17,5%), 46-55 (26%) և 56+ (26,8%) տարիքի տղամարդկանց (54,8%) և կանանց (45,2%) շրջանում:
Համաձայն նյութի՝ հարցվողների 1/3-ը չգիտի՝ հատկապես ով պետք է զբաղվի իրենց անունների ճշտմամբ որպես ընտրող: Հարցվողների մյուս մասը հստակ կարծիք չի արտահայտել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատկան մարմինների կողմից պաշտոնական վիճակագրությունների կեղծումը երկար պատմություն ունի: Հատկանշական է, որ երկրի բնակչության թվաքանակի լուրջ կեղծումները քննարկվել են երկրի ԿԸՀ-ում ու ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների բյուրոյում:
Այսպես, 2013-ի հունիսին Ադրբեջանի ԿԸՀԺ-ի նախագահ Աքիֆ Ղուրբանովը հայտարարել էր, թե ՊՎԾ-ի զեկույցում երկրի բնակչության թիվը 9 մլն 356 հազար է, ընդ որում` ավելի քան 6 մլն 467 հազար հոգի 20 տարեկանից բարձր են, սակայն ԿԸՀ-ի ցուցակում ընտրողների թիվը 4 մլն 986 հազար է:
Բացի այդ, երբ սեպտեմբերին ԿԸՀ-ն հրապարակեց ընտրողների թիվը 2013-ի հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների համար, պարզ դարձավ, որ երիտասարդության 480 հազար ներկայացուցիչներից ընտրելու իրավունք ունեն 70 հազարը, ուստի ստացվեց, որ 400 հազար երիտասարդ անհասկանալի կերպով անհետացել են Ադրբեջանից, կամ էլ լուրջ խնդիրներ են առկա ԿԸՀ-ի ցուցակներում:
Նյութ թեմայի շուրջ`
Ադրբեջանի բնակչության թվաքանակի կեղծում կամ ու՞ր են կորել 14 հազար առաջին դասարանցիները