Ջոն Հեֆերնը՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու և ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հետագա համագործակցության մասին
«Ցանկացած ինքնիշխան երկիր իրավասու է անդամակցել ցանկացած միջազգային կազմակերպության իր ընտրությամբ: Սա հիմնարար սկզբունք է անկախ, ինքնիշխան պետությունների համար: Ցանկացած երկիր պետք է այդ հնարավորությունն ունենա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կկորցնի իր ինքնիշխանությունը:
Դեսպանի խոսքով, Մաքսային միությանը միանալը նշանակում է, որ որոշակի ոլորտներում, առևտրային հարցերի շուրջ ինքնիշխանության առումով որոշակի զիջում լինում է, դա երկրի ընտրությամբ է, որովհետև վերազգային կառույցի է անդամակցում:
Ջ. Հեֆերն ասաց, որ մաքսային միությունները որոշումներ են ընդունում միության անդամ երկրների համար անդամ երկրների համաձայնությամբ. «Հայաստանի որոշումն՝ անդամակցել ԵՏՄ-ին, ինքնիշխան որոշում էր»:
Միաժամանակ Ջ. Հեֆերնը նշեց, որ Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ շարունակելու է հետաքրքրված մնալ ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ գործակցությամբ ցանկացած ոլորտում, որն անհամադրելի չէ այս նոր տնտեսական միության շրջանակում Հայաստանի հանձնառությունների հետ:
«Փորձում ենք Հայաստանի հետ համատեղ բացահայտել այն ոլորտները, որտեղ կարելի է աշխատել»,- ասաց դեսպանը ՝ հավելելով, որ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ Հայաստանը շարունակում է իր տնտեսական գործընկերությունը:
«Որ ոլորտում Հայաստանը տեսնում է, որ կարող ենք լինել գործընկերներ, մենք պատրաստ ենք լինել Հայաստանի գործընկերը»,-ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը: