«Շոկոլադի բանկում»՝ 201 կգ կոնֆետ. սահմանամերձ գյուղերի երեխաները սպասում են
«Շոկոլադի բանկում» այս պահին արդեն կա 201 կգ կոնֆետ, որը բաժանվելու է սահմանամերձ 4 գյուղի 94 ընտանիքի: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շոկոլադի բանկ` սահմանամերձ գյուղերի երեխաների համար» նախաձեռնության անդամ Աննա Գրիգորյանը:
Նախաձեռնության հեղինակներ Հելենա Մելքոնյանը և Աննա Գրիգորյանը որոշել են սահմանամերձ գյուղերի երեխաներին ամանորյա հաճելի անակնկալ մատուցել: Նախաձեռնությունը դեկտեմբերի 1-ից սկսած մինչև դեկտեմբերի 23-ը արկղեր է տեղադրել «Հայ օգնության ֆոնդի» գրասենյակում և ցանկացողները կարող են այն լցնել ցանկացած տեսակի քաղցրավենիքով:
Ա. Գրիգորյանն ասաց, որ քաղցրավենիքը կբաժանվի Տավուշի մարզի Այգեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերի 94 ընտանիքի, ովքեր ունեն 3 և ավել երեխա: Ընդհանուր առմամբ՝ 211 երեխա է:
Նա նշեց, որ քաղցրավենիք հիմնականում բերել են անհատներ, մեկ-երկու ձեռնարկություն խոստացել են երկուշաբթի կամ երեքշաբթի միանալ նախաձեռնությանը: