«Հասարակության մեջ մշակվել է բժշկի գնալու կուլտուրա». Խ. Հակոբյան
«Այս տարի մեր կենտրոնում մենք ունեցել ենք 40 000 այցելու, և այդ այցելուներից 22 000-ը միայն անցել է կրծքագեղձի հետազոտություն, մնացածն անցել են տարբեր տեսակի հետազոտություններ»,- այսօր լրագրողներին տված ասուլիսում հայտարարեց Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ Հակոբյանի՝ շատերն իրենց կենտրոն են այցելել առանց ախտանիշերի, պարզապես հետաքրքրության համար, ինչը թույլ է տվել վաղօրոք կանխարգելել նրանց մոտ քաղցկեղի հնարավոր առաջացման ռիսկերը: Անդրադառնալով կենտրոն այցելելու ֆինանսական հարցերին՝ Խաչանուշ Հակոբյանը նշեց. «Հետազոտության արժեքը մեկ տարվա համար այնքան էլ թանկ չէ, եթե մեր կանայք ցանկություն ունենան այցելել հետազոտվելու, կարող են այդ գումարը հեշտությամբ հավաքել տարվա ընթացքում»:
Նրա տվյալներով՝ կենտրոնում կրծքագեղձի մամոգրաֆիան կատարվում է 20.000 ՀՀ դրամի դիմաց, ինչը համեմատած արտերկրում նույն հետազոտության արժեքի հետ, որը մոտ 1000 ԱՄՆ դոլար է կազմում, շատ քիչ է:
Խաչանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև կանանց մոտ անպտղության դեպքերին և նշեց, որ ընդհանուր առմամբ իրենց կենտրոնում 130 կնոջ են բուժել՝ նրանց հնարավորություն տալով զգալ մայրության բերկրանքը:
2015 թվականին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը նախատեսում է ևս մեկ նոր բաժանմունք ունենալ, ինչի առիթով կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ կենտրոնը կունենա նաև համակարգչային ու մագնիտառեզոնանսային, տոմոգրաֆիկ, ռենտգեն և էնդոսկոպիկ կաբինետներ:
«Հասարակության մեջ մշակվել է բժշկի գնալու կուլտուրա,- ուրախությամբ փաստեց Խաչանուշ Հակոբյանը՝ գալիք տարում առողջություն մաղթելով բոլորին,- եթե չունես առողջություն, մնացածը զրո է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա