«Կանխարգելումն է քաղցկեղի բուժման հիմնական եղանակը». Խաչանուշ Հակոբյան
«Մեր կենտրոնը ստեղծման օրվանից իսկապես բավականին աշխատանքներ է տարել քաղցկեղի դեմ պայքարի, նրա կանխարգելման բնագավառում…. Կենտրոնի ստեղծման ժամանակ մենք էլ չէինք պատկերացնում, թե ինչ կարող էինք ունենալ ի վերջո, սակայն այս 17 տարիների աշխատանքը ապացուցեց, այն մտքերը, այն գաղափարները, որոնք մենք ունեինք կենտրոնը ստեղծելիս, իսկապես իրականություն դարձավ, և երևի թե ինչ-որ տեղ գերազանցեցին այն նպատակները, որոնք մենք դրել էինք մեր առջև»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքերով՝ ամենասկզբում կենտրոնը նախատեսված էր միայն մամոգրաֆիկ հետազոտությունների համար, սակայն հետագայում աշխատանքը բերեց նրան, որ անհրաժեշտություն առաջացավ նաև կոմպլեքս հետազոտությունների, դրա համար ստեղծվեցին նաև գինեկոլոգիական, լաբորատորիայի, ուրոլոգիական, ատամնաբուժական, էնդոկրինոլոգների, ընտանեկան բժիշկների, վիրահատական ծառայությունները:
Ըստ կենտրոնի տնօրենի՝ այս բոլորը հնարավորություն է տալիս մարդկանց ՝ ունենալ կենտրոնում կոմպլեքս հետազոտություններ, և, իհարկե, այդ հետազոտությունների արդյունքում եթե կան ախտորոշումներ, դրանց համապատասխան բուժում ստանալ:
«Իսկապես արդյունքները զարմանալի են նաև մեզ համար, որովհետև երբ նոր էինք ստեղծվել, ընդամենը մի քանի հոգի էր այցելում մեր կենտրոն…բանն այն էր, որ մարդիկ այնքան էլ տեղեկացված չէին մամոգրաֆիայի իմաստի և նրա նշանակության մասին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ եթե կատարում ես ամենօրյա աշխատանք, մարդկանց տեղեկացնում ես, բացատրում ես, թե ինչքան կարևոր է այս հետազոտությունը, մարդիկ դառնում են ավելի ուշադիր, հասկանում են, որ կանխարգելումն է քաղցկեղի հիմնական բուժման եղանակը»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Տնօրենի տվյալներով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն այսօր արդեն ունի մի հոծ բանակ: Տղամարդիկ նույնպես դարձել են կենտրոնի այցելուները և կենտրոնն ունի տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի գրանցված 36 դեպք: Ինչ վերաբերում է կանանց, նրանց մոտ այս հիվանդությունը, ավելի շատ է տարածված, և կանանց մոտ այս խնդիրներն առաջնային են:
«Մեր բժիշկները, հայտնաբերելով այս հիվանդությունը, կարողանում են կանխարգելել այն…կանխարգելման եղանակով 5000 մարդու կյանք ենք փրկել»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա