«The Jerusalem Post». Ադրբեջանը Իսրայելի համար վերածվել է Իրանի դեմ տեղեկատվություն հավաքելու հարթակի
«Ռազմական տեխնիկայի վաճառքի ոլորտում Իսրայելի և Ադրբեջանի առևտուրը կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «The Jerusalem Post» պարբերականին:
Տեղեկատվության համաձայն՝ իսրայելական պարբերականը, անդրառնալով Ադրբեջանում լրագրողների ձերբակալության փաստին, նշել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի՝ Իրանին սահմանակից լինելու հանգամանքը, Թել Ավիվը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ դժվար թե հայտնի իր մտահոգությունը:
«Ադրբեջանն աստիճանաբար հեռանում է Ռուսաստանից, այդ համատեքստում այդ երկիրն Իսրայելի համար կարևոր է զենքի, հատկապես անօդաչու ինքնաթիռների և հետախուզական սարքավորումների վաճառքի տեսանկյունից: Վերջին տարիներին ռազմական տեխնիկայի վաճառքի ոլորտում Իսրայելի և Ադրբեջանի առևտուրը կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար»,-նշում է իսրայելական աղբյուրը:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Իսրայելի նավթային պահանջարկի հիմնական ապահովող երկիրն Ադրբեջանն է. իսրայելցի և ադրբեջանցի նախարարներն ու ուժային կառույցների աշխատակիցները հաճախ են հանդիպումներ ունենում, այդ առումով Ադրբեջանը Իսրայելի համար Իրանի դեմ տեղեկատվություն հավաքելու հարթակի է վերածվել»:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի ԶՈւ հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից Նաթանզի շրջանում վնասազերծվել էր իսրայելական արտադրության անօդաչու սարք: Իսրայելական անօդաչու ինքնաթիռի վնասազերծումից հետո Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հայտարարել էր, որ անօդաչուն Իրանի տարածք է ներխուժել երկրի հյուսիսում գտնվող ԽՄՀՄ նախկին հանրապետություններից մեկից:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ արդեն 100 տոկոսով պարզ է, թե իսրայելական անօդաչուն որ երկրից է մուտք գործել Իրան: Նրա խոսքով՝ Իրանի կողմից կործանված իսրայելական արտադրության անօդաչուն չէր կարող Իսրայելից թռչել:
Հավելենք, որ օրերս իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, հղում անելով Իսրայելի 2-րդ հեռուստաալիքին, տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ազգային գվարդիայի ղեկավարը, հատուկ նշանակության զորքերի հրամանատարներն ու ՊՆ զինվորականները որոշում են կայացրել առաջիկայում Իսրայելում կազմակերպվելիք զենքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակություն ուղարկել Թել Ավիվ:
«ՖԱՐՍ»-ի մեկնաբանը, անդրադառնալով Իսրայելի և Ադրբեջանի միջև հաստատված ռազմական համագործակցությանը, մասնավորապես նշել էր. «Իրանը բազմիցս է Ադրբեջանի պաշտոնյաներին մեղադրել այն բանում, որ նրանք թույլատրում են, որպեսզի իսրայելցի լրտեսներն Ադրբեջանի տարածքից հակաիրանական հետախուզական գործունեություն իրականացնեն: Բացի այդ՝ ս.թ. օգոստոս ամսին Իրանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է հատել Իրանի օդային սահմանը և Իրանի ռազմաօդային ուժերի կողմից խոցվել»: