Մանվել Ղումաշյան. Հայաստանը «դատապարտված է» համագործակցել Ռուսաստանի հետ
Հայաստանը «դատապարտված» է խորացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:
Բանախոսը միևնույն ժամանակ շեշտեց, որ այս ամենում միանշանակ բացասական երանգներ տեսնելը չափազանց սխալ է, այն առումով, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և այս տեսանկյունից հայ-ռուսական հարաբերությունների սերտացումը բխում է մեր երկարաժամկետ հեռանկարից: Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը և այդ քայլի շուրջ հնչող տարաբնույթ կարծիքներին, Մ. Ղումաշյանը նշեց, որ իհարկե, ներկա պահին Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում, սակայն միայն այդ պատճառով քաղաքական գծի փոփոխությունը սխալ է:
«Այնպես չէ, որ հիմա վատ է, և մենք չպետք է գնանք այդ ուղղությամբ»,-ասաց Մանվել Ղումաշյանը, մանրամասնելով, որ մեզ մեծ հաշվով պետք է թե ռազմական և թե տնտեսական առումով ուժեղ Ռուսաստան և Ռուսաստանի կանխատեսելի քաղաքականություն, ինչն այս պահին չկա: Սակայն արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի և զարգացման հեռանկարները շատ ավելի հստակ կլինեն:
Վերլուծաբանի խոսքով՝ այս համատեքստում ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են յուրատեսակ կամուրջ հանդիսանալ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում, որտեղ կողմերը կարող են ձգտել գալ միևնույն հայտարարի: ԼՂ հակամարտության սրումը բանախոսը ոչ հավանական է համարում այն առումով, որ աշխարհաքաղաքական խաղացողները չլուծելով առկա, մասնավորապես՝ Ուկրաինայի հարցը, չեն ցանկանա շահերի բախման նոր տեղեր ստեղծել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները