ՏԿԱԻՆ. Խուսափեք կասկածելի ծագումով ճայթռուկներ և հրավառություններ ձեռք բերելուց
«Մոտենում են ամանորյա տոները, և հրդեհային անվտանգության խնդիրները, բնականաբար, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Եվ ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մեր նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի հանձնարարականով դեկտեմբերի 10-ից սկսած ողջ հանրապետության տարածքում իրականացվում են լայնամասշտաբ հակահրդեհային միջոցառումներ»,- լրագրողներին տված ասուլիսի ժամանակ հայտարարեց Տարածքային Կառավարման և Արտակարգ Իրավիճակների Նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Ամենամյա բնույթ կրող միջոցառումների արդյունքում, Սերգեյ Հայրապետյանի հավաստմամբ, նվազել է հրդեհների քանակը: ՏԿԱԻՆ աշխատակիցներն այս շրջանում խմբերով այցելում են տարբեր օբյեկտներ և իրականացնում հակահրդեհային միջոցառումներ, տեղեկացնում՝ ինչպես գործել հրդեհի դեպքում, ինչպես կազմակերպել շենքերից տարհանումը, և այլն:
Ըստ Հայրապետյանի՝ նախևառաջ, հրդեհից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Ամանորի տոնակատարություններին, Սերգեյ Հայրապետյանի խոսքերով, տոնածառն անհրաժեշտ է տեղադրել շինության առաջին հարկում, իսկ այդ սենյակը պետք է հրդեհաշիջման միջոցներով զինված լինի՝ կրակմարիչներ, ջուր, ավազ, և այլն: Հայրապետյանը խորհուրդ տվեց ծնողներին իրենց երեխաների համար ամանորյա հանդիսավոր զգեստները չպատրաստել ստվարաթղթից և թանզիֆից: ՏԿԱԻՆ աշխատակիցը խորհուրդ տվեց նաև խուսափել կասկածելի ծագում ունեցող ճայթռուկներ և հրավառություններ ձեռք բերելուց: Հայրապետյանի խոսքերով՝ հրագործական արտադրատեսակները նախընտրելի է ձեռք բերել մասնագիտացված խանութներից և անպայման ստուգել՝ կա արդյոք դրանց վրա հայերեն մակնշում: Ըստ Հայրապետյանի՝ հայերեն մակնշումը պետք է ներառի արտադրանքի օգտագործման եղանակն ու անվտանգության կանոնները:
Ս. Հայրապետյանը հավելեց նաև, որ մեր երկրում, բարեբախտաբար, աղետալի հրդեհներ չեն գրանցվել նման տոնակատարությունների հետևանքով: Սակայն ասաց, որ չի կարելի ժխտել հրդեհի հնարավորությունը:
Լրագրողների այն հարցին, թե կա արդյոք վերահսկողություն վատորակ ճայթռուկների և հրավառությունների շուկայում, Հայրապետյանը նշեց, որ դա ՏԿԱԻՆ գործառույթների մեջ չի մտնում: Ինչ վերաբերում է հրդեհային անվտանգության կանոնների խախտումներին՝ Հայրապետյանը հայտնեց, որ նախարարությունն այդ հարցում ունի իր ներազդման միջոցները վարչական տուգանքների տեսքով: Ըստ Սերգեյ Հայրապետյանի՝ օրենքն իրենց թույլ է տալիս անգամ դադարեցնել որևէ օբյեկտի գործունեությունը կամ հոսանքազրկել այն, մինչև վերջինս չվերացնի հակահրդեհային միջոցների թերությունները:
Վերջում հորդորեց բոլոր հայրենակիցներին շատ զգույշ լինել և հետևել հակահրդեհային բոլոր կանոններին, որպեսզի խուսափեն հրդեհի վտանգից: