Խոցված ուղղաթիռի համար անհամաչափ պատասխանը եղել է. Սեյրան Օհանյան
Ղարաբաղա-ադրբեջանական չեզոք գոտում նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի համար մեր կողմից խոստացված անհամաչափ պատասխան եղել է: Այս մասին նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ նախարարը ավելի վաղ հայտարարել էր, որ խոցված ուղղաթիռի համար անհամաչափ պատասխան է տրվելու:
«Անհամաչափ պատասխանները շատ դեպքերում իրենց մեջ պարունակում են ռազմական գաղտնիություն: Բոլոր դեպքերը չի, որ մենք կարող ենք հասցնել հասարակությանը: Այդ անհամաչափ պատասխանը եղել է, որոշ բաներ էլ հասարակությանը ասվել է»,- ասաց նախարարը:
Ս.Օհանյանը նաև նշեց, որ ինքնաթիռի հարցով ծառայողական քննությունն ավարտվել է, հարուցված քրեական գործով ԼՂՀ բանակի ղեկավարությունը և իրավապահ մարմիններն աշխատում են:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: