Ադրբեջանում ընթանում են ՏԻՄ ընտրություններ
Այսօր Ադրբեջանում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 19:00-ին: Հայտնի է նաև, որ 118 ընտրատարածքներում պետք է ընտրվեն 1607 տեղական ինքնակառավարման մարմինների 15035 անդամներ: Գրանցված 37077 թեկնածուների գերակշիռ մասն իշխող «Ենի Ադրբեջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության ներկայացուցիչներն են:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, ՏԻՄ ընտրությունների հետ կապված Ադրբեջանի ներքին գործերի մարմինները դեկտեմբերի 22-25-ն աշխատելու են խստացված ռեժիմով: Ընտրությունների օրը հասարակական կարգն ապահովելու համար ավելանալու է պարեկապահակային ծառայության կարգախմբերի թիվը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մազահիր Փանահովը մամուլի ասուլին հաղորդել է, որ ընտրատարածքներում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները քաղաքացիների քվեարկության համար: Ընտրատարածքների 20 տոկոսը զինված է տեսախցիկներով:
Փանահովի խոսքերով՝ ընտրություններին մասնակցելու են ութ քաղաքական կուսակցություններ՝ «Ենի Ադրբեջան», «Քաղաքացիական համերաշխություն», «Ումիդ», «Սոցիալ-դեմոկրատներ», «Ազգային վերածնունդ», «Ժողովրդավարական բարեփոխումներ», «Հայրենիք», «Մեծ Վերածնունդ»:
Ինչպես նշում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, ՏԻՄ ընտրություններում Եվրոպայի խորհրդից դիտորդներ չեն լինելու:
Նյութեր թեմայի շուրջ՝
Amnesty International. Ադրբեջանում ձևական ընտրություններ են անցկացվում
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու կոչ են արել
Ադրբեջանի նախագահական ընտրությունների տարօրինակ ընթացքը շարունակվում է (Լրացված)
Ադրբեջանում նախագահական ընտրությունները, մեղմ ասած,տարօրինակ ընթացք են արձանագրում