Մահացել է Ջո Կոկերը
71 տարեկանում երեկ երեկոյան մահացել է աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Ջո Կոկերը: Նրա մոտ թոքերի քաղցկեղ էր ախտորոշվել: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով BBC News-ին:
Երգիչը մահացել է ԱՄՆում՝ Կոլորադո նահանգում, որտեղ նա ապրում էր երկար տարիներ: Նա արդեն մի քանի տարի է պայքարում էր հիվանդության դեմ: Երգչի մահվան մասին լուրը հաստատել է նրա գործակալը:
«Շատ տաղանդավոր, միաժամանակ բարի և համեստ մարդ էր, ով սիրում էր բեմը»,- ասել է նա:
Բրիտանացի բլյուզ, ռոք և ջազ երգիչ Ջո Կոկերը ծնվել է 1944թ.-ի մայիսի 20-ին: Նա իր երաժշտական կարիերայի համար արժանացել է բրիտանական հեղինակավոր «Order of the British Empire»-ի։ 1983 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի «Up Where We Belong» երգի համար։
1961թ.-ին՝ 17 տարեկան հասակում, նա սկսում է երգչի իր կարիերան։ Այն ժամանակ նա հանդես էր գալիս «Vance Arnold» կեղծանվամբ և ներկայացնում էր Չակ Բերիի և Ռեյ Չարլսի երգերի սեփական տարբերակները։
1964թ.-ին Կոկերը ձայնագրում է իր առաջին սինգլը՝ Բիթլերի «I'll Cry Instead» երգի քավերը։ Այսպիսով, աստիճանաբար Կոկերը դառնում է ավելի հանրահայտ։ Իսկ համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերում սկսած 70-ականներից։ Այս թվականներին նա ստեղծագործում է իր դասական համարվող երգերից մեկը՝ «You Are So Beautiful»-ը։ 80-ականներին նա համագործակցում է Ջեննիֆեր Ուարնեսի և Բրայան Ադամսի հետ։ Նրանք միասին գրում են «When The Night Comes» երգը։
1992թ.-ին Կոկերը թողարկում է «Night Calls» ալբոմը, որը ԱՄՆ-ում ճանաչվել է Ոսկե ալբոմ։ Սա դարձավ Կոկերի ամենահայտնի ալբոմներից մեկը։ Կոկերը մինչև այսօր ձայնագրել է 25 ալբոմ։ 2008-ին Rolling Stone ամսագիրը Կոկերին ընդգրել է «Պատմության ընթացքում 100 լավագույն երգիչները» ցուցակում:
Նշենք, որ 2010 թվականին «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Ջո Կկերը Երևանում հանդես էր եկել եզակի համերգային ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում