ՀՀ և ԼՂՀ պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագրի անդամները հանդես կգան հաշվետու համերգով
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը՝ դեկտեմբերի 24-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Համերգի շրջանակում պատանի երաժիշտներն ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Հարմոնիում» երաժշտական կենտրոնի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Արամ Թալալյանի հետ:
Մասնակիցները հանդես կգան ՀՀ մշակույթի նախարարության«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրով տրամադրված երաժշտական գործիքներով:
«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագիրը» մեկնարկել է 2013 թվականին: Այն նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին