Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային
Եվրոպական խորհրդարանի մեծ թվով պատգամավորներ պահանջում են ազատ արձակել Ադրբեջանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային։ Խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնում Խադիջա Իսմայիլովային, ով, ինչպես հավատացած են շատերը, կալանավորվել է քաղաքական շարժառիթներով։
Եվրոպական խորհրդարանի 40 պատգամավորներ ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արդարադատության նախարարին ուղղված նամակի տակ։
Նամակում ասվում է, որ Իսմայիլովայի ձերբակալումն ու կալանավորումը անարդար է և վնաս է հասցնում Ադրբեջանում մարդու իրավունքների և մամուլի ազատությանը։ Պատգամավորները կոչ են անում ազատ արձակել լրագրողին, ապահովել արդար դատավարություն, դադարեցնել հետաքննող լրագրողների ահաբեկումը։
Եվս մեկ նամակ ուղղվել է մարդու իրավունքների հանձնակատարին, որը հիշեցում է Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին՝ որպես ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամի։ Խորհրդարանականները կոչ են անում հանձնակատարին՝ միջամտել Իսմայիլովայի գործին և ապահովել նրա ազատ արձակումը։
«Եվրոպական խորհրդարանի 40 անդամներ միացան Խադիջային ազատ արձակելու համաշխարհային կոչերին։ Կառավարությունը և Ադրբեջանի նախագահը պետք է հասկական, որ պետք է ազատ արձակեն Խադիջային։ Խադիջայի աշխատանքը բխում է ադրբեջանական հանրության շահերից, որը ճանաչվում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արտերկրում»,-ասել է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» տնօրեն Փոլ Ռադուն։