Իրանագետ. Բաքվում Իրանի դեսպանի հայտարարությունը չի արտացոլում իրականությունը
Օրերս Բաքվում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը, հարցազրույց տալով ադրբեջանական թերթերից մեկին, ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ ԼՂ շուրջ հակամարտության վերաբերյալ, որի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու նպատակով Panorama.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
- ԻԻՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ բոլոր երկրներից առավել Իրանն է միտված ԼՂ շուրջ հակամարտության լուծմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Կարճ՝ կարելի է մեկնաբանել որպես իրականության հետ որևէ կապ չունեցող դիվանագիտական հայտարարություն: Իրանը ճկուն դիվանագիտություն իրականացնող երկիր է և կարողանում է ցանկացած պահի մանևրել, որի ընթացքում մեծ դեր է խաղում այն հանգամանքը, թե ինչ երկրում է գտնվում իրանցի դիվանագետը: Ադրբեջանի նման երկրում, որտեղ գործող վարչակարգը սեփական գոյությունն արդարացնելու նպատակով հասարակությանը պարբերաբար սնում է կեղծ գաղափարներով ու մտացածին «արժեքներով», Իրանի համար դիվանագիտական հնարքներ իրականացնելու ընդարձակ դաշտ է բացվում: Հիշյալ հայտարարությամբ ԻԻՀ դեսպանն ընդամենը բարձրաձայնել է այն, ինչ ցանկացել են նրանից լսել և ինչն ամենակարևորն է, լիովին բավարար է Ադրբեջանի դեպքում: Եթե համեմատենք նույն՝ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Երևանում և Բաքվում ԻԻՀ դեսպանների հնչեցրած հայտարարությունները, դրանք խիստ տարբեր են միմյանցից: Երևանում Իրանի դեսպանները մշտապես առավել իրատեսական են եղել տարածաշրջանային զարգացումները և առհասարակ, տարբեր գործընթացներ մեկնաբանելիս: Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից՝ պետք է արձանագրել, որ Բաքվում ԻԻՀ դեսպանը հանդես է եկել բացահայտ հակահայկական դիրքերից:
- Ի՞նչ հիմքերով եք կարծում, որ Իրանի դեսպանի հիշյալ հայտարությունը դիվանագիտական հնարքի, այլ ոչ իրականության արձանագրում է:
- Դրա համար հարկավոր է զուգահեռներ անցկացնել ԻԻՀ-ՀՀ և ԻԻՀ-ԱՀ փոխհարաբերությունների առաջնահերթությունների միջև, որի արդյունքում պարզ է դառնում, որ Իրանի արտաքին քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ առավելապես հիմնված է այն տրամաբանության վրա, ըստ որի՝ չպետք է թույլ տալ այդ երկրի՝ Իրանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող գործոնի վերածվելը՝ հաշվի առնելով երրորդ երկրների մեծ ազդեցությունը Բաքվի նկատմամբ: Այդ նպատակով Իրանը գերազանցապես օգտագործում է հետևյալ «գործիքակազմը»՝ Ադրբեջանի հետ կրոնամշակութային ընդհանրությունների քարոզչություն, ժամանակ առ ժամանակ՝ ադրբեջանամետ հռետորաբանություն և տնտեսական նախագծերի շրջանառություն, որոնց իրականացման մեխանիզմներն այդպես էլ չեն ուրվագծվում, սակայն դրանք կատարում են իրենց գլխավոր գործառույթը, այն է, որ որոշակի զգուշավորություն են առաջացնում Բաքվի հետ սերտ համագործակցության մեջ գտնվող հակաիրանական երրորդ ուժերի մոտ և պարտադրում վերջիններին չվստահել ադրբեջանական իշխանություններին անվերապահորեն: Հայաստանի հարցում տրամաբանությունն այլ է. այս դեպքում քարոզչական-հռետորաբանական քաղաքականությունն ակնհայտորեն զիջում է իր դիրքերը գործնական քայլերին, սակայն այս ուղղությամբ էլ կան դժվարություններ, որոնք առավելապես պայմանավորված են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներով: Դրանք էապես չեն փոխում հայ-իրանական փոխհարաբերությունների տրամաբանությունը, սակայն երբեմն դանդաղեցնում կամ անորոշ ժամանակով հետաձգում են որոշ հույժ կարևոր հայ-իրանական նախագծերի իրականացում: