Ուկրաինան չեղյալ է հայտարարել արտադաշինքային կարգավիճակը
Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանության է արժանացրել նախագահի ներկայացրած «Ուկրաինայի արտադաշինքային քաղաքականությունից հրաժարվելու մասին որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու» վերաբերյալ օրինագիծը: «Ունիան» գործակալության հաղորդմամբ, օրինագծին կողմ է քվեարկել 303 ժողովրդական պատգամավոր:
Տեղեկատվության համաձայն, «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի» մասին օրենքի վեցերորդ հոդվածում սահմանվում է, որ Ուկրաինայի ազգային շահերի առաջնահերթություններից է երկրի ինտեգրումը եվրոպական տնտեսական, քաղաքական և իրավական տարածք, նպատակն հետապնդելով անդամակցել Եվրոպական Միությանն ու եվրաատլանտյան անվտանգության տարածքին իրավահավասար փոխշահավետ հարաբերություններ զարգացնել այլ պետություններից հետո, որոնք կբխեն Ուկրաինայի շահերից:
Փոփոխություններ են մտցվել նաև «Ուկրաինայի ներքին և արտաքին քաղաքականության հիմքերի» մասին օրենքի 11-րդ հոդվածում:
Մասնավորապես, «Ուկրաինան հավատարիմ է մնում արտադաշինքային կարգավիճակին, ռազմաքաղաքական դաշինքներին չմասնակցելու սկզբունքին» հատվածը փոխարինվել է «արտաքին քաղաքականության հիմնական դրույթների թվում է Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիս-ատլանտյան դաշինքին» ձևակերպմամբ:
Հիշեցնենք, արտադաշինքային կարգավիճակը չեղյալ հայտարարելու կարևորության մասին նախկինում բազմիցս բարձրաձայնել էր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով հայտարարում էր, թե արտադաշինքային կարգավիճակը փաստացի չկարողացավ երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը և դրանից պետք է ձերբազատվել: