Ամփոփվել է «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում իրականացվող հերթական նախագծի արդյունքները
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել և ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները: Նախագծի շրջանակում Պարույր Սևակ գյուղի նախակրթարանում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ: Շնորհանդեսը կայացել է գյուղի նախակրթարանում, որն ունի 2 սենյակ և սպասարկում է 16 երեխայի: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միջոցառման հյուրերն են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:
«Հին ժամանակներում իմաստուններն ասում էին, որ Երկրագունդը պետք է սիրել և պահպանել, քանի որ այն ոչ թե ժառանգել ենք մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Բնությունն անչափ հարուստ է ռեսուրսներով, բայց մենք պետք է խնայողաբար օգտագործենք դրանք՝ հնարավորության դեպքում ընտրելով պակաս վնասակար կամ լիովին անվնաս տարբերակներ: Արդեն ամբողջ աշխարհն է գիտակցում էկոլոգիական աղետների պատճառներն ու դրանց հետևանքների լրջությունը, և բազմաթիվ երկրներ պատասխանատու մոտեցում են ցուցաբերում շրջակա միջավայրի հանդեպ` օգտվելով այլընտրանքային էներգիայի աղբյուրներից: Սա ոչ թե առանձին երկրների, այլ ամբողջ մարդկության պայքարը պետք է լինի, և միանալով դրան՝ մեկ անգամ ևս հավաստում ենք մեր քաղաքակիրթ և գիտակից մոտեցումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արևային ջեռուցման և ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 2 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 60 հատ): Հայաստանում, ի դեպ, 70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) և առավել արդյունավետ են: Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1մ է: Համակարգն ունի նաև 300 լիտր տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաև ղեկավարման համակարգ` իր պոմպով: Բացի այդ, նախակրթարանում տեղադրվել է ջեռուցման էլեկտրական կաթսա՝ 15KW հզորությամբ և ջեռուցման ընդհանուր համակարգ՝ 8 հատ ջեռուցման մարտկոցով: Նախակրթարանում տեղադրված արևային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ծրագրի շնորհիվ սպասվում է նաև նախակրթարան հաճախող երեխաների քանակի աճ:
Պարույր Սևակ գյուղը, որը նախկինում ունեցել է Սևակավան անվանումը, հիմնադրվել է 1978 թ.-ին և ունի 577 բնակիչ: Գյուղի բնակչությունը գաղթել է տարբեր հարակից համայնքներից, ինչպես նաև Ադրբեջանից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան