Արաբագետ. Քանի դեռ չի հանգուցալուծվել սիրիական հակամարտությունը, անվտանգային իրավիճակը Քեսաբում մշտապես վտանգված է լինելու
«Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացները, երկրի տարածքում ընթացող ռազմական գործողությունների տրամաբանությունը, շրջանի աշխարհագրական դիրքը, ռազմավարական կարևորությունը և մի շարք այլ իրողությունները թույլ են տալիս պնդելու, որ քանի դեռ չի հանգուցալուծվել սիրիական հակամարտությունը, անվտանգային իրավիճակը Քեսաբում մշտապես վտանգված է լինելու»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Սիրիայի հայկական Քեսաբ բնակավայրի դեմ հնարավոր հարձակման վերաբերյալ տարածված տեղեկատվությունը, նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա կարծիքով՝ «Վերջին երկու ամիսների ընթացքում Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի երկայնքով ակտիվացած ռազմական գործողությունների տրամաբանությունը, որոնց հետևանքով սիրիական բանակի և հակակառավարական տարբեր խմբավորումների միջև դիրքային էական փոփոխություններ են գրանցվել, թույլ է տալիս կանխատեսելու, որ Քեսաբի դեմ նոր գրոհի հնարավորությունն, այնուամենայնիվ, բացառված չէ»:
«Բանն այն է, որ կառավարական ուժերն էականորեն բարելավել են իրենց դիրքերը Հալեպի նահանգում՝ հիմնականում դուրս մղելով շրջանից ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումների զինված տարրերին: Դրան հակառակ՝ իրավիճակը համեմատաբար ընդդիմության օգտին է Հալեպ և Լատակիա նահանգների միջև գտնվող Իդլիբի նահանգում. Հալեպից նահանջած ընդդիմադիրները, Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ալ-Նուսրայի ճակատ» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալների հետ համատեղ, լուրջ գրոհ են նախաձեռնել կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտների դեմ՝ փորձելով Հալեպում կորցրածը վերականգնել Իդլիբում, հնարավոր է՝ նաև Լատակիայում»,- պարզաբանեց արաբագետը:
«Այս առումով, բնականաբար, Լատակիա նահանգում դարձյալ ռազմական գործողությունների ակտիվացման դեպքում, հնարավոր է՝ կրկին թիրախավորվի Քեսաբը և հարակից գյուղերը՝ հաշվի առնելով շրջանի աշխարհագրական դիրքը՝ սիրիա-թուրքական սահմանի մերձկայքում գտնվելու հանգամանքը: Մինչդեռ այս պարագայում իրավիճակային էական տարբերություն կա, համեմատած մարտյան դեպքերի հետ: Նախ, Քեսաբի դեմ հնարավոր հարձակումը կարող է իրականացվել ոչ միայն հյուսիսից՝ Թուրքիայի տարածքից, ինչպես նախորդ անգամ, այլ նաև՝ արևելքից՝ Իդլիբից, որտեղ, ինչպես նշեցի, ընդդիմադիրները բավականաչափ բարելավել են իրենց դիրքերը: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ շրջանը նաև Թուրքիայի հետ սահմանը ներկայում վերահսկվում է սիրիական բանակային ստորաբաժանումների, նաև հայ կամավորների կողմից, դրան հավելած՝ բնակչության ծայրաստիճան աչալրջույթունն, ինչն էականորեն բարելավում է հնարավոր վտանգին առավել հապճեպ և համակարգված դիմագրավելու հնարավորություններն. այս հանգամանքը փաստացի ապացուցվում է Քեսաբից պարբերաբար ստացվող տեղեկություններով»,- հավելեց Ա.Պետրոսյանը:
«Այս համատեքստում, կոչ եմ անում հայրենի լրատվամիջոցներին, մի կողմ թողնելով անհարկի զգացմունքայնությունը, հնարավորինս ճշգրտված տեղեկատվություն տրամադրել հանրությանը՝ հաստատված բացառապես պաշտոնական աղբյուրների ՀՀ ԱԳՆ-ի, «Քեսաբի շտապ օգնության և վերականգման մարմնի», կամ համայնքային պատասխանատուների կողմից՝ ավելորդ խուճապից խուսափելու նպատակով»,- եզրափակեց արաբագետը