Դավութօղլու. «Էներգառեսուրսների բոլոր տարանցիկ ուղիները պետք է Թուրքիայով անցնեն»
Ինչպես բոլոր ճանապարհները դեպի Հռոմ են տանում, այնպես էլ Թուրքիան պետք է դառնա այն վայրը, որով կանցնեն էներգառեսուրսների բոլոր տարանցիկ ուղիները: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Դավութօղլուի խոսքով, Թուրքիան պետք է օգտագործի իր աշխարհագրական դիրքը, որպեսզի կարողանա առավելագույն օգուտներ ստանալ էներգառեսուրսների տարանցումից:
«Թուրքիայի տնտեսությունը աճում է, աճում է նաև էներգառեսուրսների պահանջարկը: Մենք չունենք էներգիայի աղբյուրներ, փոխարենը գտնվում ենք էներգետիկ ուղիների խաչմերուկում և կարող ենք օգուտներ ստանալ էներգառեսուրսների տարանցումից»,- նշել է Դավութօղլուն:
Որպես էներգառեսուրսների տեղափոխման երկիր` Դավութօղլուն առանձնացրել է Ռուսաստանը` հավելելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները ներկայում «վերջին 500 տարվա կտրվածքով գտնվում են զարգացման լավագույն փուլում»:
«Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները չեն նշանակում, որ պետք է վատ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ: Ուկրաինական ճգնաժամի հետ կապված անհրաժեշտություն է առաջանում գազի առաքման այլ ուղիներ գտնել, ուստի մենք հիմա քննարկում են Ռուսաստանի առաջարկը: Իր աշխարհագրության շնորհիվ Թուրքիան կարող է ապահովել էներգառեսուրսների առաքման պարզ եղանակ այնտեղ, որտեղ կա դրա պահանջը»,- հայատարարել է Դավութօղլուն:
Նկատենք, որ այս տարվա դեկտեմբերի մեկին ՌԴ նախագահ Վ. Պուտինի Թուրքիա կատարած այցի շրջանակում ռուսական «Գազպրոմ» ընկերության և թուրքական Botas ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որով նախատեսվում է Սև ծովով դեպի Թուրքիա գազամուղ կառուցել: Նախատեսված հզորությունը տարեկան պետք է հասնի 63 մլրդ խմ, որից մոտավորապես 14 մլրդ միայն նախատեսված է Թուրքիայի համար, իսկ մնացած ծավալը հասնելու է մինչև Թուրքիայի և Հունաստանի սահման:
Հիշեցնենք, նաև որ միաժամանակ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր շուկայում ընկերության աշխատաոճի փոփոխության մասին, որի համաձայն այսուհետ սպառողները գազը գնելու են հենց սահմանին, մինչդեռ նախկինում «Գազպրոմ»-ը ապահովում էր գազի մատակարարումը վերջնական սպառողին: