Արցախի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի առաջին տասնօրյակում
Հայտնի է դարձել Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը: Ընտրությունները տեղի կունենան 2015 թվականի մայիսի առաջին տասնօրյակում: Այս մասին հայտարարել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: Փոխանցում է «Karabakh open»-ը:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում ԿԸՀ նախագահը, անդրադառնալով ընտրությունների անցկացմանը, ծանոթացրել է ընտրական նոր օրենսգրքի (կգործի հունվարի 1-ից) փոփոխություններին՝ կապված ընտրագրավի, նախընտրական հիմնադրամների, թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրման, խորհրդարան մտնելու շեմի և այլ հարցերի հետ։
Ի դեպ, ավելի վաղ խորհրդարանում որոշվել էր, որ համամասնական և մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մանդատների հարաբերակցությունը 22/11 պետք է լինի՝ գործող 17/16-ի փոխարեն։ Խորհրդարան մտնելու համար նվազագույն շեմ է սահմանվել կուսակցությունների համար՝ 5, կուսակցությունների դաշինքի համար՝ 7 տոկոսը՝ գործող 6-ի և 8-ի փոխարեն։ Փոփոխություն է մտցվել նաև համամասնական ընտրակարգով առաջադրվող կուսակցական ցուցակներում սեռերի հարաբերակցության մասով: Նոր օրենսգրքով սկսած երկրորդ համարից յուրաքանչյուր հնգյակում սեռերի հարաբերակցությունը պետք է լինի 80/20։
ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրել է, որ խորհրդարանական և ամռանը անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների համար նախատեսվում է ծախսել շուրջ 200 մլն դրամ: