ԵՏՄ-ի լիիրավ անդամ դառնալուց հետո Հայաստանը արտահանման խնդիրներ չի ունենալու. Սերգո Կարապետյան (տեսանյութ)
Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը տարածաշրջանի այլ երկրների համեմատ բավականին զարգացած է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` հավելելով, որ վերամշակող արդյունաբերության բոլոր ճյուղերում Հայաստանը լուրջ առաջընթաց ունի, և տեղական արտադրանքը մրցունակ է ոչ միայն եվրոպական շուկայում, այլ նաև Եվրասիական տնտեսական միության շուկայում, որը Հայաստանի համար հանդիսանում է կարևոր շուկաներից մեկը:
Նախարարի խոսքերով` ԵՏՄ-ի լիիրավ անդամ դառնալուց հետո Հայաստանը արտահանման խնդիրներ չի ունենալու:
«Հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք դառնում ու գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողություն ենք ունենալու: Ինչպես արտահանումների, այնպես էլ գյուղոլորտի զարգացման առումով այս միությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ տասնյակ տարիներ հայկական գյուղմթերքները արտահանել ենք ԱՊՀ երկրների շուկաներ, ամենամեծ շուկան մեզ համար դա է, և ավելի հեշտ է հաղորդակցվել իրենց հետ: Համոզված եմ, որ հաջորդ տարի արտահանման ծավալները կտրուկ կավելացնենք»,- ասաց Ս. Կարապետյանը:
Սակայն, ըստ նրա, արտահանումն ավելացնելու համար արտադրության ծավալները պետք է ավելացնել: Դրա համար մշակվել է ռազմավարություն, որով նախանշվել են այն ուղղությունները, որոնք կբերեն արտահանման ծավալների ավելացմանը:
Ս.Կարապետյանը նշեց, որ արդեն այս տարվա աշնանը գյուղացիական տնտեսությունների շրջանում այդ միտումը զգացվել է. եթե Արարատյան դաշտավայրում աշնանացան ցորեն էին ցանում, հիմա պակասեցրել են ցանքատարածությունը, որպեսզի այդ հողերում բանջարաբոստանային մշակաբույսեր մշակեն:
«Այսինքն` նրանք նպատակ ունեն ցորենից բացի նաև բանջարեղեն արտահանել»,- ասաց նա:
Գյուղատնտեսության նախարարի խոսքերով` հայկական պանրի մեծ պահանջարկ ևս կա: Այս տարի արտահանվել է 1500 տոննա պանիր, բայց նպատակ ունեն արտահանման ծավալները ոչ միայն կրկնապատկել, այլ եռապատկել:
Ս.Կարապետյանը համոզվածություն հայտնեց, որ ինչպես թարմ պտուղ-բանջարեղենը, այնպես էլ վերամշակված պտուղ-բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի, պահածոների, գինու, կոնյակի արտադրության ծավալները ավելացնելով արտահանման ծավալները կաճեն:
«Վերամշակող ձեռնարկություններն ունեն մեծ հնարավորություններ, հզորություններ: Օրինակ` մսամթերք վերամշակող ձեռնարկություններն աշխատում են իրենց հզորությունների 25%-ի չափով, այսինքն` մենք կարող ենք կրկնապատկել և եռապատկել այդ ծավալները: Իհարկե առաջին հերթին պետք է ապահովենք ներքին շուկան, իսկ մնացածը նոր միայն արտահանել»,- ասաց Ս.Կարապետյանը:
Գյուղատնտեսության նախարարը նշեց նաև, որ այսօր թիվ մեկ խնդիրը մնում է սննդամթերքի որակն ու սննդամթերքի անվտանգությունը: Նրա խոսքերով` եթե Հայաստանը նպատակ ունի ավելացնել գյուղմթերքների արտահանման ծավալները, ապա պետք է այնպիսի արտադրանք թողարկվի, որը մրցունակ լինի նաև միջազգային շուկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները