Հայոց ցեղասպանության մասին արխիվային փաստաթղթերը հնարավոր է լույս տեսնեն ֆրասներեն և իսպաներեն
Հայաստանի Ազգային արխիվը շարունակում է փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Թվայնացումը ինքնանպատակ չէ, մոդայի հետևից ընկնել չէ: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ թվայնացված փաստաթղթում տեղեկատվություն որոնելը և գտնելը տաս անգամ ավելի արագ և հեշտ է լինում, նաև այդ կերպ պահպանվում են փաստաթղթերը»,- ասաց նա:
Ա. Վիրաբյանի խոսքով, ամեն տարի նկարում են մոտ 200 հազար թերթ, ինչը շատ քիչ է. «Մենք տաս տարում նույնիսկ եղած փաստաթղթերի մեկ տոկոսն էլ չենք կարողացել թվայնացնել: Սա կապված է այն բանի հետ, որ՝ առաջին ուշ ենք սկսել թվայնացման գործընթացը, երկրորդ՝ ունենք սարքավորումների խնդիր»:
Նա տեղեկացրեց, որ այսօր կամ վաղը երկու նոր սարքավորում են նվեր ստանալու:
Ա. Վիրաբյանի խոսքով, Ազգային արխիվը շարունակում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի հրատարակման գործընթացը: Նա նշեց, որ իրենք հիմնականում շեշտը դնում են օտար լեզուներով հրատարակությունների վրա: Ազգային արխիվի տնօրենը հույս հայտնեց, որ արդեն հաջորդ տարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերը կհրատարակեն իսպաներեն և ֆրանսերեն:
Նա կարևորեց նաև իրենց աշխատանքները Հայոց ցեղասպանության տարիներին զոհվածների շտեմարանի ստեղծման առումով: Շտեմարանում վերջնական արդյունքում կլինի 300-400 հազար անուն. «Ավելին հնարավոր չէ, որովհետև շատ ժամանակ է անցել»:
Ամատունի Վիրաբյանը հայտնեց, որ 2015-ին Հայաստանի Ազգային արխիվը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ թանգարանում կկազմակերպի Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի ճակատագիրը ներկայացնող ցուցահանդես: Հաջորդ տարի Ազգային արխիվը կկազմակերպի նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված
ցուցահանդեսներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին