Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին. իրանագետի դիտարկումները
«Իրանը տարածաշրջանում վարում է զգուշավոր և հավասարակշռված քաղաքականություն: Իրանը իր հարաբերությունները կառուցում է ոչ թե հակադրությունների, այլ համագործակցության հիման վրա: Այդ երկրի նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացումն է»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունից հետո հայ-իրանական հարաբերությունների ապագային ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նա նշեց, որ Իրանը շահագրգռված է տնտեսական հարաբերությունները խորացնել ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի, Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի երկրների հետ:
«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը, ապա պաշտոնական Թեհրանը ԵՏՄ անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ ունի բարեկամական հարաբերություններ: Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հոկտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստին, նշել էր, որ դա լավ առիթ է, որպեսզի Իրանի և Հայաստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներն օգտվեն դրանից և ներդրումներ կատարեն»,-նշեց Ա.Իսրայելյանը:
Նրա խոսքով, Իրանը ռազմավարական նշանակության նախագծեր է իրականացրել ինչպես Ռուսաստանի և Ղազախաստանի, այնպես էլ Հայաստանի հետ:
«Վերջին շրջանում ակտիվացել են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ բանակցությունները, որը չափազանց բարդ, սակայն միանգամայն իրականանալի նախագիծ է: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը իմ կարծիքով միայն դրական ազդեցություն կունենա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա՝ իր մեջ ներառելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համատեղ տնտեսական նախագծերի իրականացում և ներդրումային հոսքերի ապահովում»,- նշեց իրանագետը:
Ա.Իսրայելյանը նշեց, որ օրերս գործարկվեց Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգիծը, որը Չինաստանը Արևմտյան Եվրոպային կապող ցամաքային ճանապարհը շուրջ 10 հազար կիլոմետրով կնվազեցնի:
«Ընթացքում է գտնվում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, որի ավարտից հետո Հայաստանը Իրանի տարածքով կարող է առևտրի ծավալները մեծացնել ինչպես միջինասիական երկրների, այնպես էլ Պարսից ծոցի երկրների հետ»,-հավելեց Ա.Իսրայելյանը: