«Հստակ ցենզուրա է». Կառավարության ընդունած որոշման մասին
«Կարծում եմ՝ դա հստակ ցենզուրա է, որովհետև այն, ինչ դուր չի գալիս ռուսներին, ապա ստացվում է, որ մեր պետության միջով էլ պիտի չանցնի»,- Panorama.am-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ կապված կառավարության կողմից այսօր ընդունված «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» որոշման հետ:
Ըստ այդ որոշման` «Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են»:
«Սա նշանակում է, եթե Սինգապուրից չեմ կարող հակապուտինյան գրականություն բերել այստեղ, մարդու իրավունքների սահմանափակման, ոտնահարման հստակ դրույթ է, որն անընդունելի է: Ովքեր հասկանում են՝ ինչ է նշանակում ինֆորմացիայի ազատություն, մարդու իրավունք, պետք է հենց հիմա դուրս գան հրապարակ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, երբ որ հեղինակային իրավունքի պահով է արգելված, այլ ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ բան է, շատ նորմալ երևույթ է: Ա. Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում երբեք ոչ մի գրքի հրատարակում արգելված չի եղել:
«Եղել են, իհարկե, օրինակ` Չարենցի անտիպները, բայց դա պետության ֆինանսավորմամբ էր: Պետությունը կարող է իր ֆինանսավորած գրքերն ինչ ցանկանում է, անել, բայց երբ, որ մենք հրատարակել ենք, ոչ մեկը չի ասել՝ աչքիդ վերևը ունք կա:
Իհարկե, մեծ ձեռքբերում չէ, եթե մեզ համարում ենք ցիվիլ մարդիկ, բայց մեծ ձեռքբերում է, եթե համարում ենք, որ մենք Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի նման տխրահռչակ երկրների՝ մարդու իրավունքների առումով, դաշտում ենք աշխատում»,- նշեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը:
Նախորդող հրապարակում՝
Գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշին Հայաստան չի ներկրվի