Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո հայ-վրացական հարաբերությունների ապագան
«Հայ-վրացական հարաբերությունների անկյունաքարը էներգետիկ, առևտրային և տնտեսական հարաբերություններն են: Չնայած դրան կան նաև բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ: Երկու երկրները ընտրել են տարբեր մոդելներ և տարբեր կառույցներին են ինտեգրվում, ինչը կարող է հանգեցնել առևտրային ռեժիմի հետ կապված որոշակի հարցերի»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունից հետո հայ-վրացական հարաբերությունների ապագային ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ դեռևս 1990-ական թթ.-ից Հայաստանի և Վրաստանի միջև առկա է ազատ առևտրի մասին պայմանագիրը:
«Օրեր առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն էր այցելել Հայաստան և ստորագրվեց հայ-վրացական սահմանին նոր կամրջի շինարարության մասին պայմանագիրը: Երկու կողմերը քննարկել են նաև միջպետական առևտրային հարաբերությունները: Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունից հետո առաջ եկող հնարավոր հարցերը հայ և վրացի գործընկերները կարող են հեշտությամբ լուծել»-նշեց Ջ.Մելիքյանը:
Նրա խոսքով, Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի մեջ նշված է, որ նոր պայմանագրեր ստորագրելիս Հայաստանը պետք է համաձայնեցնի դրանք ԵՏՄ-ի անդամ մյուս երկրների հետ:
«Հայաստանը և Վրաստանը պետք է ակտիվ և սինխրոն աշխատեն, որպեսզի բոլոր նախկին տնտեսական պայմանավորվածությունները պահպանվեն»,- նշեց Ջ.Մելիքյանը:
Ջ.Մելիքյանը նշեց, որ Հայաստանը հայտարարարել է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը շարունակելու մասին, ինչը լավ ազդեցություն կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա:
«Հայ-վրացական ենթակառուցվածքային ծրագրերը պետք է խթանեն հայ-վրացական հարաբերությունները և ավելացնեն Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը»,- նշեց Ջ.Մելիքյանը:
Նա հավելեց, որ Վրաստանը Հայաստանի համար առանցքային երկիր է և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերը հայկական և վրացական ապրանքները դուրս են բերելու Ռուսաստանի շուկա: