Ստամբուլի դատարանը չի ձերբակալել Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող նախկին ոստիկանին
Ստամբուլի դատարանը հրաժարվել է ձերբակալել Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքին, ով Դինքի սպանության գործով ձերբակալված Օգյուն Սամասթի ցուցմունքի համաձայն, տեղեկացված է եղել սպանության մասին, սակայն կանխարգելող որևէ քայլ չի ձեռնարկել: Փոխանցում է «DailySabah»-ը:
Ինչպես հաղորդվում է, Ռամազան Աքյուրեքին կալանավորելու մասին դատախազի հարցումն առաջինն էր պատմության մեջ որպես իշխանության ներկայացուցչի կալանքի վերաբերյալ հարցապնդում:
Ավելի վաղ Ստամբուլի քրեական գործերի դատարանում Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ Դինքի սպանության կազմակերպման մասին տեղյակ է եղել նաև Ալի Ֆուաթ Յիլմազերը, ով սպանության ժամանակ ղեկավարել է Ստամբուլի ոստիկանության հետաքննության ղեկավարի տեղակալ պաշտոնը:
Սպանության կազմակերպման մասին տեղյակ լինելու կապակցությամբ հարցաքննության ժամանակ Ռամազան Աքյուրեքը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է եղել, սակայն հիմա մանրամասներ չի հիշում, քանի որ այն ժամանակ կանխարգելիչ քայլեր չի արել` կարծելով, որ նման քայլեր կձեռնարկվեն Տրապիզոնի և Ստամբուլի ոստիկանական բաժանմունքների կողմից:
Այս պահին Ալի Յիլմազերը ձերբակալված է ապօրինի գաղտնալսումներ իրականացնելու գործով, իսկ Ռամազան Աքյուրեքն էլ պաշտոնաթող էր արվել նախորդ տարի թուրքական ոստիկանական համակարգում ծագած սկանդալի արդյունքում: Նախկինում նա արդեն ձերբակալված է եղել Դինքի գործով կարևոր փաստաթղթերի ոչնչացման հետ կապված:
Թուրքական մամուլի հաղորդմամբ` երկու նախկին պաշտոնյաները նաև կասկածվում են Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան