«Տասը տարի է՝ դեմքին նման պայծառ ժպիտ չի եղել». Տասնյակ երեխաներ՝ նախագահական նստավայրում
11-ամյա Շուշանիկն այսօր Հայաստանի նախագահի նստավայրում էր: Մասնակցում էր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Նա հեռուստատեսությամբ է տեսել նախագահական նստավայրում երեխաների համար ամեն տարի կազմակերպվող տոնական հանդեսները, ցանկություն է ունեցել ինքն էլ մեկ օր այդ հանդեսի մասնակիցը լինել:
«Տասը տարի է նա նստակյաց է: Գրեթե տանից դուրս չի գալիս: Հեռուստատեսությամբ է տեսել նախագահական նստավայրում անցկացվող ամանորյա հանդեսները: Մշտապես ցանկություն է ունեցել ներկա լինել այդ մեծ արարողությանը: Երեխայի համար մեծ անակնկալ եղավ, որ հրավիրեցին մասնակցել այս տոնակատարությանը: Ժամերն էր հաշվում, թե երբ պետք է հայտնվի այստեղ: Տասը տարի է դեմքին նման պայծառ ժպիտ չի եղել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Շուշանիկ Հովակիմյանի մայրը:
Այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել էին զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաները:
7,5-ամյա Նարեկի մայրն ասաց, որ առաջին անգամ է այստեղ, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված. «Ամենակարևորն այն է, որ երեխաներն ուրախանում են: Երեխաների նման մենք էլ ենք ուրախացել:
9-ամյա Մարիամիկը ցանկանում է, որ նոր տարում ինքը ու բոլոր այն երեխաները, ովքեր առողջական խնդիրներ ունեն, անպայման լավանան: 11-ամյա Շուշանիկի միակ ցանկությունն է՝ առողջություն բոլոր երեխաներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն ասաց, որ միջոցառմանը մասնակցում է սահմանափակ կարողություններով 11 երեխա:
«Մենք դիմել ենք ներառական կրթություն իրականացնող դպրոցներին: Իրենք են ընտրել այս երեխաներին: Այս հրավերքը վկայում է պետության, կառավարության մեծ ուշադրությունը նման երեխաների նկատմամբ: Նման միջոցառումները նպաստում են, որպեսզի երեխաներն ինտեգրվեն հասարակությանը, ինչպես նաև մեծ ազդեցություն է գործում երեխաների սոցիալական, հոգեբանական վիճակի կայունացման վրա»,- ասաց Լ. Հայրապետյանը:
Երեխաները Ձմեռ պապից խնդրել են ինքնաթիռ, ավտոմեքենա, գրենական պիտույքներ, տիկնիկներ, իհարկե, չմոռանալով նաև iPad, պլանշետ:
Երեխաներին հյուրընկալել էին նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Հանրապետության նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տոների կապակցությամբ շնորհավորեց միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին.
«Սիրելի՛ երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ դուք երգով, պարով, խաղերով եք հրաժեշտ տալիս անցնող տարվան, և ձեր այս ուրախությունը նոր շունչ է հաղորդում այս շենքին, այս պատերին: Այդ շունչը տևական ժամանակ թևածելու է այս շենքում: Մենք շատ հաճախ ենք նախագահի նստավայրում ընդունում երեխաների, այդ թվում՝ դպրոցականների և հատկապես նրանց, ովքեր իրենց ուսմամբ ու վարքով բարձրացնում են մեր երկրի հեղինակությունը, օրինակ` դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաներում շահում են մրցանակներ: Ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը տարիներ հետո գալու են այս շենք՝ որպես հաղթող երեխաներ, գալու են, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականների, երիտասարդ ստեղծագործողների համար սահմանած հայաստանի նախագահի մրցանակները:
Միշտ հիշեք, սիրելի՛ երեխաներ, որ ամեն ինչ լավ է լինելու, դուք կարողանալու եք ամեն ինչ հաջողությամբ ավարտին հասցնել, միայն այդ ամենը պետք է անեք ուրախությամբ և սիրով. ուրախությամբ պետք է խաղաք, ուրախությամբ պետք է սովորեք, ուրախությամբ պետք է ընկերություն անեք և այդ դեպքում միշտ հաջողություն եք ունենալու: Ուզում եմ, որպեսզի դուք լիաթոք ապրեք, ուզում եմ, որպեսզի ձեր ամեն օրը լինի ուրախությամբ լեցուն, որ լավ ընկերներ ունենաք, ուզում եմ, որ ուրախացնեք ձեր ծնողներին, ձեր տատիկներին, պապիկներին: Դո՛ւք եք մեր երկրի հույսը, մեր երկրի ապագան: Ուզում եմ, որպեսզի 2015 թվականին դուք շատ ավելի մեծ հաջողություններ ունենաք, ուզում եմ, որ 2015 թվականին ձեր ծնողները ձեզ ավելի շատ գովեն լավ վարքի, լավ սովորելու համար: Ես և տիկին Ռիտան շնորհավորում ենք ձեր Նոր տարին և ցանկանում ենք, որ գալիք տարին լինի շատ ավելի լավը ձեզ համար, քան դուք եք պատկերացնում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Տիկին Ռիտան էլ բոլոր երեխաներին ցանկացավ առողջություն. «Արդեն 53 տարեկան եմ ու նոր հասկացել եմ, որ առողջությունից թանկ բան չկա: Բոլորիդ ցանկանում եմ առողջություն»:
Լուսանկարները` ՀՀ նախագահի պաշտոնական կայքից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները