Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի՝ «հարիր նկարչի թե անվանը, թե արվեստին»
Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման աշխատանքների առաջին փուլն ավարտված է. թանգարանային մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է, իսկ Սարյանի ապրած տան վերանորոգման աշխատանքները պետք է մեկնարկեն առաջիկայում:
«Երկրորդ փուլի ֆինանսավորման մասին խոսք կա: Դրանով պետք է վերանորոգվի տան այն հատվածը, որտեղ ապրել է Մարտիրոս Սարյանը: Սպասում ենք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Հիշեցնենք, որ 2013 թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է: Մ. Սարյան տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն, թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, հանձնված է Մատենադարանին ի պահպանություն:
«Թանգարանային հատվածի հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտված է` չորրորդ հարկով, վերելակով, տեխնիկապես վերազինված դահլիճներով, հարմարավետ աշխատասենյակներով, հուշանվերների կրպակով և հաշմանդամների համար նախատեսված հարմարություններով: Սակայն դեռ չենք կարող վերաբացվել, քանի դեռ չի վերանորոգվել Սարյանի ապրած տան հատվածը: Տուն-թանգարանը կվերաբացվի որպես մեկ ամբողջություն կառույց իր թանգարանային և հուշային մասերով հանդերձ միաժամանակ»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը՝ ընդգծելով, որ ընկալումը լիարժեք չի լինի ամբողջ համալիրի միայն մի հատվածը բացելով:
Ռ. Սարյանի խոսքով, թանգարանային հատվածում մնում է նոր ցուցադրության կազմակերպումը, կահույքի տեղադրումը:
Նա ասաց, որ դեռևս հայտնի չէ, թե երբ Սարյանի տուն-թանգարանը հանրության առջև կրկին կբացի իր դռները, բայց հույս հայտնեց, որ 2015 թվականի ընթացքում այն կվերաբացվի՝ «հարիր Սարյանի թե անվանը, թե արվեստին»:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը:
«Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»,- ասել է Մ. Սարյան:
Լուսանկարները՝ Մ. Սարյանի տուն-թանգարանի պաշտոնական կայքից:
Նախորդող հրապարակում՝
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերաբացման ժամկետը հայտնի չէ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին