Ըստ եվրոպացիների ԵՄ պատժամիջոցները ՌԴ դեմ բացասական դեր են խաղացել ուկրաինական ճգնաժամում. «Սպուտնիկ-Արմենիա»
Եվրոպացիների ավելի քան 1/3-ը կարծում է, որ ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ բացասական դեր են խաղացել ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում: Այս մասին են վկայում ICM Research-ի կողմից անցկացված հարցումները Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում: Հարցումը իրականցվել է Սպուտնիկ լրատվական գործակալության (SputnikNewsAgency) պատվերով:
«Ուկրաինայում իրավիճակի լուծման համար պատժամիջոցների կիրառումը նպաստավոր համարողների թիվը կազմում է 26 տոկոս: Քիչ ավելին` 28 տոկոսը, համոզված են, որ պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել ուկրաինական ճգնաժամի լուծման վրա: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ գնահատականներում եվրոպական երկրները բավականին տարբերվում են: Օրինակ, Մեծ Բրիտանիայում հարցվածների 40 տոկոսը դրական են գնահատում պատժամիջոցների ազդեծությունը, հարցվածների 21 տոկոսը կարծում են, որ դրանք բացասական դեր են խաղացել ուկրաինական ճգնաժամի լուծման մեջ: Եվ հակառակը` Գերմանիայում 54 տոկոսը` մեծամասնությունը, կարծում են, որ ԵՄ-ի պատժամիջոցները բացասաբար են ազդել ուկրաինական ճգնաժամի լուծման վրա: Ֆրանսիայի բնակիչները միջանկյալ դիրք են զբաղեցնում` 37 տոկոսը կարծում են, որ պատժամիջոցները ճգնաժամի կարգավորման մեջ որևէ դեր չեն խաղացել, հարցվածների 30 տոկոսը համարում են, որ դրանք բացասական էին, և 23 տոկոսը` որ պատժամիջոցների սահմանումը դրական էր»,-տեղեկանում ենք աղբյուրից:
Մեկնաբանելով հարցման արդյունքները «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ դիտարկելով ԵՄ-ի հասարակական ընկալումները պատժամիջոցների հարցում, ակնհայտ է դառնում, որ հասարակության մեծ մասը գիտակցում է, որ պատժամիջոցային քաղաքականությունը նախ` լուծում չէ, և ավելին` այն դժվար թե կփոխի Ռուսաստանի դիրքորոշումը կամ քաղաքական մոտեցումը ուկրաինայի խնդրի հանդեպ: Առհասարակ, որևէ լուրջ աշխարհաքաղաքական խաղակիցների դեմ պատժամիջոցները չեն հանգեցնում արտաքին քաղաքականության փոփոխման, և դրա վառ օրինակ էր Իրանը: Մյուս կողմից հասկանալի է, որ եվրոպական հասարակության մեծ մասն ընկալում է ոչ թե բուն ուկրաինական զարգացումները, այլ այն, թե ինչպես է դա անդրադառնում ԵՄ- Ռուսաստանի փոխհարաբերությունների վրա, քանի որ տնտեսական առումով ԵՄ-ն իր վրա լուրջ հետևանքներ է զգում:
Հետևաբար, դա նաև ցույց է տալիս, թե որքան դժվար է Եվրամիության համար և տնտեսական, և քաղաքական, և հասարակական առումով , պահպանել ու, առավելևս, խորացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական զարգացումները հանգեցնեն դրան: Սակայն, քաղաքական տրամաբանությունը տարբերվում է հասարակական սպասումներից, ու եվրոպացի պաշտոնյաները միշտ չէ, որ հաշվի են առնում հասարակական տրամադրություններն ու սեփական ժողովուրդների դիրքորոշումները, քանի որ այս հարցում Եվրոպան պնդում է, թե պատժամիջոցները անխուսափելի էին, և այս իրավիճակում այլ կերպ արձագանքելու միջոց չկար: Եթե առաջիկա գարնանը, կամ մինչ այդ կընդունվի որևէ փոխընդունելի, ժամանակավոր տարբերակ, այդ դեպքում ԵՄ-ն կաշխատի եթե ոչ վերացնել, ապա նվազագույնը մեղմացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Այժմ լուրջ բանակցային գործընթաց է ընթանում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Բոլոր կողմերն էլ փորձում են խուսափել հետագա էսկալացիայից, սակայն, յուրաքանչյուր կողմ ձգտում է պայմանավորվածության հանգել իր համար առավել շահավետ պայմաններում:
ICM Research-ի հարցման տվյալներով, հարցված բրիտանացիների, ֆրանսիացիների ու գերմանացիների շուրջ կեսը ավելի անկախ ԵՄ են ցանկանում տեսնել: