ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օպերայի աջակցման հիմնադրամի միջև համագործակցությունը նշանավորվել է նախատոնական համերգով
Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնում կայացել է նախատոնական համերգ, որն ամփոփել է և նշանավորել 2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օպերայի աջակցման հիմնադրամի միջև համագործակցությունը:
«Վիեննա Գալա» խորագրով համերգի ընթացքում ելույթ են ունեցել Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները և հատուկ այս միջոցառման համար հրավիրված գերմանաբնակ հանրահայտ երգչուհի Հրաչուհի Բազենցը (երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյան, ով նաև հանդիսանում է Հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ): Հնչել են կոմպոզիտորներ Յոզեֆ Շտրաուսի, Յոհան Շտրաուսի, Ֆ. Սուպեի, Ֆ. Լեհարի և Լ. Կալմանի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրած 24 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Օպերայի աջակցման հիմնադրամը կազմակերպել է 28 միջոցառում` զգալի ակտիվություն մտցնելով ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մշակութային կյանքում. ձևավորվել են «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիների զորամասերում», «Հեքիաթն է կանչում» նոր նախագծերը, իսկ արդեն ձևավորված «Համերգ ճեմասրահում» և «Օրկեստր պլյուս» նախագծերը զգալիորեն զարգացան և արժանացան հանդիսատեսի բարձր գնահատականի:
«Օպերան ազգային արժեք է: Հայկական օպերան այն թատրոնն է, որտեղ ձևավորվել են օպերային արվեստի միջազգային չափանիշներին համապատասխանող տաղանդավոր կատարողներ, ում աշխարհահռչակ անունները լսելով մեք հպարտությամբ ենք լցվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանում է իր ուժերի ներածին չափով նեցուկ լինել օպերային թատրոնի հետագա զարգացման գործին: Մենք ցանկանում ենք մեր արվեստագետների համար ստեղծել այնպիսի պայմաներ, որպեսզի նրանք հնարավորինս արագ ու անարգել հասնեն բարձունքների, շարունակեն գրավել իրենց վերապահված դերը միջազգային գեղարվեստական ասպարեզում, ինչպես նաև շարունակեն կերտել վառ կերպարներ՝ օպերային երգացանկը հարստացնելով իրենց տպավորիչ ու անմոռաց կատարումներով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: