Փորձագետը՝ Իսրայելում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին
Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացները որոշակիորեն ստվերեցին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մերձավորարևելյան առանցքային պետություններից մեկում՝ Իսրայելում ի հայտ եկած ներքաղաքական նոր իրողությունները: Հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց երկրում իշխող կոալիցիայի տրոհման և նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, որոնց կայացման օրը Իսրայելի խորհրդարանը հայտարարեց 2015թ. մարտի 17-ը: Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի և հնարավոր նախընտրական զարգացումներին մասին Panorama.am-ի թղթակիցը զրուցեց տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ:
-Որո՞նք էին Իսրայելում իշխող կոալիցիայի տրոհման պատճառները:
-Հրեական պետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակն իրականում մի քանի պատճառներ ունի` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք բովանդակայինից մինչև հստակ նպատակաուղղված տարրեր են պարունակում իրենց մեջ: Նախ պետք է նշել, որ սա Իսրայելի երկրորդ կառավարությունն է, որն անընդմեջ չի կարողանում գործել մինչև իր լիազորությունների ավարտն, ավելին՝ այս վերջինն իր գոյատևման ժամկետով ռեկորդային էր՝ ընդամենը շուրջ 22 ամիս: Ի տարբերություն նախորդ կառավարության, որի փլուզման հիմքում ֆինանսական խնդիրներն էին, այս դեպքում իրավիճակը բովանդակային առումով տրամագծորեն այլ էր. կառավարության ներսում եղած տարաձայնությունների պատճառով գործնականում գրեթե արգելափակվել էր նրա գործունեությունը(մերժվեց վարչապետ Նեթանյահուի ներկայացրած «Իսրայելը ազգային բնույթի պետություն հռչակելու» մասին օրինագիծը, պաշտոնանկ եղած ֆինանսների նախարար Լապիդի ներկայացրած՝ «Զրոյական հարկի մասին օրինագիծը»): Պատճառներից կարելի է առանձնացնել մի քանիսը՝ նախ արդեն պաշտոնաթող կառավարության բավականաչափ խայտաբղետ կազմը. նրանում ընդգրկված էին գաղափարական տեսանկյունից էական տարբերություններ ունեցող քաղաքական ուժեր, տարբեր ծրագրային մոտեցումներ, տարբեր ամբիցիաներ, կոալիցիայի ներսում իրենց գագաթնակետին հասած քաղաքական բախումները, ստվերային դավադրությունները, որոնք իշխող կոալիցիայում ստեղծել էին կռիլովյան հայտնի առակին բնորոշ իրավիճակ: Իսկ այլ քաղաքական ուժերի մասնակցությամբ նոր կոալիցիայի ձևավորման փաստացի անհնարությունը պատճառ դարձան արդեն Իսրայելի 19-րդ գումարման խորհրդարանի արձակման:
Մյուս կողմից, անշուշտ, գործընթացի վրա էական ազդեցություն ունեցավ Վարչապետ Նեթանյահուի և ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած Իսրայելում իշխող «Լիքուդ-Բեյթեյնու» դաշինքի փլուզումը, ինչի հետևանքով վարչապետի ղեկավարած կուսակցությունը խորհրդարանում իր ունեցած մանդատների թվով (19-ն ըննդեմ 18-ի) զիջեց ընտրություններում երկրորդ տեղը գրաված, արդեն նախկին ֆինանսների նախարար Յաիր Լապիդի գլխավորած «Յեշ Ատիդ» կուսակցությանը:
Իսկ սուբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ նաև օգտվելով երկրում դեռևս թարմ հիշվող օգոստոսյան 50-օրյա ռազմական գործողությունների հետևանքների հանգամանքից պաղեստինյան «ՀԱՄԱՍ» իսլամական արմատական խմբավորման դեմ, դրան գումարած՝ վերջին շրջանում բավական մեծ թափ ստացած Պաղեստին պետության ճանաչման գործընթացից, որոնք նպաստավոր իրավիճակ են ստեղծում ինչպես Նեթանյահուի, այնպես էլ ընդհանրապես աջակողմյան քաղաքական ուղղվածության ուժերի համար՝ անցկացվելիք ընտրություններում էական առավելություն արձանագրելու հարցում: Այս համատեքստում, չեմ բացառում նաև վարչապետի նպատակաուղղված քայլերը նոր, առավել ծանրակշիռ դիրքերով և աջ քաղաքական ուղղվածությամբ կառավարություն ձևավորելու գործում:
-Ինչպիսի՞ նախընտրական գործընթացներ են տեղի ունենում Իսրայելի ներքաղաքական կյանքում ներկայում:
-Նախընտրական իրավիճակը Հրեական պետությունում բավականաչափ բուռն է ընթանում՝ ստեղծվում են նոր կուսակցություններ, անցկացվում ստվերային բանակցություններ, ձևավորվում քաղաքական դաշինքներ, տեղի են ունենում դասալքություններ և այլն: Քաղաքական ուժերի մեծ մասը լրջորեն նախապատրասվում են գալիք ընտրություններին՝ օգտագործելով ընտրախավի վրա ազդելու բոլոր հնարավոր միջոցները: Մասնավորապես, գրեթե ամեն օր հրապարակվում են տարաբնույթ սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնց արդյունքները էականորեն տարբեր են. ակնհայտ է, որ նման կերպ քաղաքական ուժերը փորձում են հոգեբանական ազդեցություն ունենալ ընտրողների վրա: Այս ընտրարշավի մյուս յուրահատկությունն այն է, որ մեծ հավանականությամբ քաղաքական դաշտի տարբեր հատվածներում գտնվող ուժերը ընտրություններին կմասնակցեն դաշինքներով. դրա առաջին օրինակն արդեն իսկ առկա է ձախակողմյան ճամբարում. այստեղ միավորվել են լուծարված խորհրդարանում ընդդիմադիր «Ավոդա» և պաշտոնանկ եղած արդարադատության նախարար Ցիպի Լիվնիի գլխավորած «Հա-Թնուա» կուսակցությունները, չի բացառվում նաև դաշինքի համալրումն այլ գաղափարական առումով ընդհանրություններ ունեցող ուժերի, մասնավորապես՝ «Մերեցի» կողմից: Միավորում է հնարավոր նաև կենտրոնում. այստեղ խոսվում է նախորդ ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած «Եշ Ատիդ» և նախկին լիքուդական, նախկին կապի նախարար Մոշե Կախլոնի նորաստեղծ՝ «Քուլլանու» կուսակցության միավորումը. չի բացառվում, որ ձախ-կենտրոնամետ հնարավոր կոալիցիային միանա նաև ներկայում աջ ուղղվածություն ունեցող, բայց Նեթանյահուի հետ խորը տարաձայնություններ ունեցող արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը: Կախված զարգացումներից և հասարակական կարծիքի ուսումնասիրությունից՝ որոշակի դաշինք է հնարավոր նաև աջակողմյան ճամբարում՝ «Լիքուդ», «Հրեական տուն» կուսակցությունների մասնակցությամբ, որոնց կարող են միանալ կրոնական ուղղվածությամբ քաղաքական ուժերը: Չի բացառվում, որ ընդհանուր ցուցակով ընտրություններին մասնակցեն նաև արաբական կուսակցությունները. ասել է թե՝ մեծ է հավանականությունը, որ 20-րդ կնեսետի ընտրությունները լինեն քաղաքական մրցակցություն քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ձևավորված դաշինքների միջև:
-Կա՞ արդյոք ընդգծված առաջատար ընտրություններում:
-Բավականաչափ բարդ է միանշանակորեն պատասխանելը հնչած հարցին: Ինչ խոսք, այն, որ Նեթանահուի գլխավորած «Լիքուդն» առավելություններ ունի իր քաղաքական հակառակորդների հանդեպ, անհերքելի է, մինչդեռ, այնուամենայնիվ, այդ առավելությունը ոչ այնքան համոզիչ է, և ներկայում իշխող կուսակցությունը, անգամ հաղթանակ տանելով ընտրություններում, հնարավոր է՝ չկարողանա կառավարություն ձևավորել, քանի որ ընդդիմությունն, ընդ որում և′ ձաղակողմյան, և′ կենտրոնամետ ուժերը, կարծես, մասնակցում են ընտրություններին՝ «Հաջորդ կառավարությունն առանց Նեթանյահուի» ընդհանուր կարգախոսով: Այդ իսկ պատճառով իրավիճակը բավականաչափ հետաքրքրական և դժվար կանխատեսելի է:
-Դուք նշեցիք, որ կոալիցիայի փլուզումը պայմանավորված էր նաև որոշակի քաղաքական հաշվարկներով՝ Նեթանյահուի կողմից, մինչդեռ փաստում եք նաև այն օբյեկտիվ բարդությունները, որոնք կարող են կանգնել վերջինի առջև ընտրություններից հետո: Ինչո՞վ են դրանք պայմանավորված:
-Բանն այն է, որ վերջին տասնամյակի կտրվածքով նաև նախընտրական շրջաններում իսրայելական քաղաքական օրակարգում գերակշռել են 3 գերակա ուղղություններ՝ անվտանգության խնդիրներ՝ պայմանավորված իսրայելապաղեստինյան հիմնախնդրով, սոցիալական հարցեր և Իրանի միջուկային ծրագիրը: Ընդամենը 4 ամիս առաջ ավարտված իսրայելապաղեստինյան 50-օրյա ռազմական գործողություններն, Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ դեռևս անորոշ զարգացումներն, ինչպես նաև սոցիալական ոլորտում Իսրայելի վարչապետի իրականացրած քայլերը (նվազագույն աշխատավարձի բարձրացում) թույլ են տալիս պնդելու, որ նման իրավիճակում իսրայելցի ընտրողների շրջանում առավելապես նախընտրելի են աջակողմյան քաղաքական ուժերի մոտեցումները, իսկ այս ճամբարում, բնականաբար առաջատարը վարչապետի գլխավորած կուսակցությունն է: Ինչ վերաբերում է հենց Նեթանյահուի վարկանիշին, ապա այն բավականաչափ բարձր է իր հակառակորդների նկատմամբ: Ըստ էության, իսրայելցի ընտրողների շրջանում հնչող առանցքային հարցերից մեկն էլ հետևյալն է՝ «Իսկ ո՞վ, եթե ոչ Նեթանյահուն»: Գործող վարչապետի բարձր ժողովրդականության մասին են փաստում նաև մինչ այս անցկացված բոլոր սոցհարցումները:
-Իսկ ո՞րն է Ձեր կանխատեսումը:
-Դասական դարձած պատասխան է՝ կանխատեսումներ կատարելն անշնորհակալ գործ է, առավել ևս այն դեպքում, երբ ընտրություններին դեռ ավելի քան 3 ամիս ժամանակ կա. տվյալ պարագայում, գուցե գնահատեմ այսպես՝ կհաղթի «Լիքուդը», իսկ հարցին՝ կհաջողվի նրա առաջնորդին ձևավորել կառավարություն, թերևս հնարավոր կլինի պատասխանել ընտրությունների նախաշեմին: