Նոր արտադրություն սկսող ընկերությունները կազատվեն հարկերից. Ճշմարիտյան
«Գործարարությամբ զբաղվելը 2015» զեկույցի տվյալներով Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը` բարելավելով իր դիրքը 4 տեղով»,- արեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ ամերիկյան Forbes ամսագրի բիզնես վարելու լավագույն երկրների վարկանիշում ևս Հայաստանն էապես բարելավել է իր դիրքերը` զբաղեցնելով 56-րդ տեղը և հանդիսանում է առաջատարը ԱՊՀ երկրների շարքում:
Նրա խոսքերով՝ ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով այս տարի իրագործվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, մշակվել է ազդեցության գնահատման մեթոդական ցուցումների ուղեցույց, որը կներառի իրավական ակտերի ազդեցության գնահատման «ծախսեր-օգուտներ» վերլուծության, ինչպես նաև իրավական ակտերի կիրարկումից առաջացող վարչարարական ծախսերի կրճատման «Ստանդարտ ծախսերի մոդել» գործիքի մեթոդաբանությունը:
Անդրադառնալով օտարերկյա ներդրումներին, Կ.Ճշմարիտյանն ասաց, որ 2014թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատված օտարերկրյա ներդրումների հոսքերը կազմել են 1501.4 մլն ԱՄՆ դոլար, որից 758.3 մլն դոլարը` ուղղակի ներդրումներ:
Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումների հիմնական ներհոսքը բաժին է ընկնում Ռուսաստանին, Կիպրոսին, Գերմանիային, Լիբանանին, Նիդերլանդներին: Ներդրումների հիմնական ներհոսքն ուղղվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, հանքագործական արդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության և հեռահաղորդակցության ոլորտներ:
«Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր 39 երկրի հետ, 28 երկրի հետ համաձայնագրերը բանակցվում են»,- ասաց էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ մեր երկրում գրանցված է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ մոտ 6000 ձեռնարկություն:
Անդրադառնալով ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, Կ.Ճշմարիտյանն ասաց, որ այս տարի ստեղծված «Մերիդիան» ոսկերչական, ակնագործական և ժամագործական ԱՏԳ-ում արդեն իսկ կատարվել են մոտ 14 մլն դոլարի ներդրումներ և ստեղծվել են 120 նոր աշխատատեղեր:
ԱՏԳ շահագործման արդյունքում ակնկալվում է 120 ընկերությունների ներգրավում, շուրջ 2000 նոր աշխատատեղերի ստեղծում և տարեկան շուրջ 200-250 մլն ԱՄՆ դոլարի արտահանում: Նշվեց նաև, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն են ստացել` «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ն` անօդաչու սարքերի արտադրության ոլորտում, «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ն` լուսադիոդային սարքերի արտադրության ոլորտում, «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲԸ-ն` դեղագործության ոլորտում, «ԼԻՖՏՏԵԽՆԻԿ» ՍՊԸ-ն` վերելակների նախագծման և արտադրության ոլորտում: Նշված շահագործողների գործունեության արդյունքում կկատարվեն մոտ 18 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, կստեղծվեն մոտ 190 գիտատար նոր աշխատատեղեր:
Կ.Ճշմարիտյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում արդյունաբերությամբ զբաղվող այն ընկերությունները, ովքեր կփորձեն հանրապետության համար նոր արտադրություն կազմակերպել, կազատվեն բոլոր հարկերից:
«Այդ ձեռնարկությունները կգործեն Հայաստանում հիմնված ազատ տնտեսական գոտիներում, սակայն պարտադիր պայման է լինելու այն, որ այդ ընկերություններ սկսեն նոր արտադրություններ»,- ասաց նախարարը: