«Ուժայիններն այլ վայրերում են հարցեր լուծում». Սերգեյ Գրինյաև
ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» որոշման հետ կապված Panorama.am-ը զրուցել է ռուսական Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Գրինյաևի հետ:
Ըստ կառավարության որոշման` «Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են»:
Panorama.am-ի այն հարցին, թե արդյոք այս արգելքը գրաքննություն չէ, Սերգեյ Գրինյաևը պատասխանեց. «Իհարկե, ոչ մի գրաքննության մասին էլ խոսք չկա: Խոսքը հեղինակային իրավունքների մասին է, ինչպես նաև ԵՏՄ անդամ-երկրների ձգտումը՝ հետևել միջազգային սկզբունքներին: Ռուսաստանում, օրինակ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մի նախաձեռնություն է արել՝ աուդիովիզուալ արտադրանքների յուրաքանչյուր միավորի վաճառքի հասույթը հեղինակային իրավունքների կրողների հիմնադրամին փոխանցելով: Բացի այդ, Միությունը տնտեսական է, բոլոր նմանատիպ հարցերը (օրինակ, ինչպիսին են ծայրահեղական և քայքայիչ նշանակություն ունեցող գրականության ներմուծման ճնշումը) այլ միջոցներով են որոշվում, և այլ կազմակերպությունների կողմից (օրինակ՝ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը)»:
Գրինյաևը, չմեկնաբանելով Panorama.am-ի այն հարցադրումը, որ կա սահմանման խնդիր (որոշման մեջ խոսվում է արգելված արտադրանքների մասին, և չկա նշված հեղինակային իրավունքներ եզրույթը), իր խոսքն այսպես ամփոփեց. «Կազմակերպությունը տնտեսական է, և ոչ ուժային կամ քաղաքական կառույց: Նրա անդամներին հուզում են հարկերն ու հեղինակային իրավունքները: Ուժայիններն այլ վայրում են հարցեր լուծում»:
Նշենք, որ հարցի կապակցությամբ Panorama.am-ն ավելի վաղ զրուցել էր նաև «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինս նման դիրքորոշում է հայտնել. «Կարծում եմ՝ դա հստակ ցենզուրա է, որովհետև այն, ինչ դուր չի գալիս ռուսներին, ապա ստացվում է, որ մեր պետության միջով էլ պիտի չանցնի»:
Նախորդող հրապարակում`
«Հստակ ցենզուրա է». Կառավարության ընդունած որոշման մասին