Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում
Իրանի զինված ուժերը «Մոհամմադ մարգարե» խորագրով լայնածավալ զորավարժություններ են անցկացնում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանում մեկնարկած զորավարժության երկրորդ օրը մասնակցել են «Քոբրա» մոդելի ուղղաթիռներ, «Զոլֆաղար» մոդելի տանկեր, «Ֆանթոմ» մոդելի կործանիչներ, «Շահին» մոդելի անօդաչու ինքնաթիռը, ինչպես նաև գործարկվել են «Թուֆան» և «Դեհլավիե» մոդելի ժամանակակից հրթիռներ, «Շահար» մոդելի դիպուկահար հրացաններ և այլն:
Իրանի բանակի ռազմաօդային, ցամաքային և ռազմածովային ուժերի կողմից անցկացվող համատեղ զորավարժությունը կավարտվի դեկտեմբերի 31-ին:
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Աբդոլռահիմ Մուսավիի խոսքով՝ զորավարժությունը անցկացվելու է շուրջ 2 միլիոն 200 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ ընդգրկելով Հնդկական օվկիանոսից մինչև Հորմոզի նեղուց ընկած տարածքները, ինչպես նաև Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջեստան և Հորմոզգան նահանգները:
Նշենք, որ Իրանի կառավարությունը 1393թ. (Իրանում նոր տարին սկսում է մարտի 21-ին) բանակին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) նախորդ տարվա համեմատ ավելի շատ գումար է տրամադրել: Ըստ այդմ, այս տարվա բյուջեում Իրանի բանակին հատկացվել է 51 հազար 85 միլիարդ 584 միլիոն ռեալ, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)՝ 44 հազար 566 միլիարդ 686 ռեալ:
Նախորդ տարի բանակին տրամադրվել էր 34 հազար 446 միլիարդ 164 միլիոն ռեալ, իսկ ԻՀՊԿ-ին՝ 36 հազար 896 միլիարդ 523 միլիոն ռեալ գումար: Նշենք, որ Իրանում 1 ԱՄՆ դոլարն արժե 30,000 ռեալ: