Ուսումնասիրվում են Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու փաստաթղթերը. Ե. Թումանյանց
Ռուսաստանի Դաշնությունում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել է Հայաստանի արդարադատության նախարարությունը՝ նրա Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցը:
Նա նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդարադատության նախարարությանն է հանձնել մի քանի անհրաժեշտ նյութեր, որոնք գրասենյակին էր տվել Հ. Հարությունյանի փաստաբանը:
«Այժմ նախարարությունը զբաղվում է այդ գործով, ուսումնասիրում է փաստաթղթերը»,- ասաց Ե. Թումանյանցը:
Նա նշեց, որ արտահանձնման գործընթացի կազմակերպումը բավականին երկար է տևում. «Նախ պետք է ուսումնասիրվեն փաստաթղթերը, հասկացվի համապատասխանելիությունը կոնվենցիային և տեղափոխման իրականացման հնարավորությունը, այնուհետև Ռուսաստանի հետ վարվի գրագրություն: Ռուսաստանն էլ իր համաձայնությունը պետք է տա տեղափոխման համար: Միայն այդ գրագրությունը մոտ կես տարի տևում է»:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը, ով իր «Կամազ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճիռը Մոսկվայի Տրոիցկի դատարանը կայացրել է օգոստոսի 4-ին: Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Հրաչյա Հարությունյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը մերժվել է:
Նախորդող հրապարակումներ՝
Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման գործընթացն արդեն հնարավոր է սկսել. Ե. Թումանյանց
Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Հրաչյա Հարությունյանի դատավճիռը
Հրաչյա Հարությունյանի գործով հնարավոր է լինի նաև վճռաբեկ բողոք
Հրաչյա Հարությունյանի գործով դատավճիռը բողոքարկվել է
Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման
Մոսկվայի դատարանը Հրաչյա Հարությունյանին ճանաչել է մեղավոր