«Հայ եկեղեցու պատմությունը մի ժամանակ դպրոցներում դասավանդում էին աղանդավորականները»
«Կար ժամանակ, երբ դպրոցներում հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդում էին աղանդավորականները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն» ՀԿ նախագահ` Ալեքսանդր Ամարյանը:
Սա, Ամարյանի խոսքերով, ունի մարդկանց իրենց շարքերը ներգրավելու նպատակ. «Աշխատում են մարդկանց ներքաշել իրենց շարքեր»:
Ըստ Ամարյանի՝ բոլոր կրոնական կազմակերպություններն իրենց շենքերը կառուցում են դպրոցների ու նման հաստատությունների հարևանությամբ: Նրա խոսքերով՝ աղանդները նաև ուժային կառուցներ են ներխուժում, ինչպիսին բանակն է:
«Մորմոնները, արդեն ապացուցված է, որ հիմնականում զբաղվում են լրտեսությամբ: Օրինակ, մորմոնների շենքերից մեկն ընկնում է ոսկու շուկայի կողքը: Իսկ այդտեղ մարդիկ գալիս են կրիտիկական վիճակում»,- պարզաբանեց Ալեքսանդր Ամարյանը: Ըստ Ամարյանի՝ կրոնական կազմակերպություններն արդյունավետորեն են ընտրում իրենց թիրախներին: Նրա խոսքերով՝ հոգեորսություն է տեղի ունենում, իսկ դա հարկավոր է կանխել:
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն» ՀԿ նախագահը նաև նշեց, որ ՀԿ-ն 2015 թվականին պատրաստվում է լրագրողներին իրազեկելու նպատակով դասընթացներ անցկացնել, քանի որ, իր խոսքերով, լրատվամիջոցների դերն այս հարցում խիստ կարևոր է:
Ըստ Ամարյանի՝ այն կարծիքը, թե կրոնական կազմակերպությունները կարող են առանց սահմանափակումների գործել, ինչպես իրենք կցանկանան, քանի որ օրենքը թույլ է տալիս, սխալ է: Նրա խոսքերով՝ եթե կազմակերպությունը սպառնում է ազգային անվտանգությանը, ապա պետությունը կարող է և պետք է քայլեր ձեռնարկի աղանդավորականներին զսպելու համար:
«Եհովայի վկաներն ուժային կառուցներին չեն ընդունում ու չեն ենթարկվում նրանց, բայց հենց իրենց որևէ մեկը կպնում է, անմիջապես ոստիկանություն են վազում: Երբ հարցնում եմ՝ ինչու գնացիր ոստիկանություն, չէ՞ որ չես ընդունում պետականությունը, ասում են՝ նրանք պարտավոր են մեզ պաշտպանել»,- ասաց Ամարյանը: