Ադրբեջանի համար 2014 թվականը ձախողված տարի էր, իսկ 2015-ը կլինի «ընկճախտի տարի». ադրբեջանցի քաղաքագետ
Ադրբեջանում քաղաքական տարին անհաջող էր, քանի որ եղան զանգվածային ձերբակալություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների շարքերում: Ընդ որում՝ դեպքերի ճնշող մեծամասնությունն ուղեկցվել է կեղծ մեղադրանքներով, որն իր հերթին բացասաբար է անդրադարձել երկրի հասարակական-քաղաքական իրավիճակի վրա: Այս մասին ադրբեջանական «Մինվալ.ազ»լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է «Արևելք-Արևմուտք» ադրբեջանական հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արասթուն Օրուջլուն:
Քաղաքագետի խոսքերով՝ անցողիկ տարում փլուզվեց երկրի հասարակական-քաղաքական համակարգը: Փորձագետը նշում է, որ պաշտոնական Բաքուն փչացրել է հարաբերություններն իր բոլոր կարևոր գործընկերների հետ, բացի Թուրքիայից և Ռուսաստանից, իսկ Արևմուտքը դադարել է կարևոր ռազմավարական գործընկեր համարվել: Բացի դրանից, տարվա ընթացքում երկրի իշխանություններից պաշտոնապես հնչել են բազմաթիվ մեղադրանքներ եվրոպացիների և ամերիկացիների հասցեին: Ավելին, հնչել են ոչ միայն սովորական հայտարարություններ, այլև գրանցվել են հստակ գործողություններ, ինչպիսիք են միջազգային ինստիտուտների վտարումը երկրից, նրանց գործունեության սահմանափակումն ըստ օրենքի:
«Ադրբեջանից վտարվել են ժողովրդավարական հայտնի ինստիտուտներ, Բրյուսելի և Բաքվի միջև բանավոր իրարանցումները երբեմն հասել են իրենց գագաթնակետին: Այս ամենը երկրի ապագայի համար ոչ մի լավ բան չեն խոստանում»,- նշում է քաղաքագետը:
Խոսելով Արցախյան հակամարտության մասին՝ վերլուծաբանը նշել է, որ բանակցային գործընթացում ոչ մի կարևոր իրադարձություն չի եղել, չեն եղել առաջընթացներ, միայն Ռուսաստանի կողմից իրականացվել են հերթական փորձերը պաշտոնական Բաքվի վրա ճնշումներ գործադրող լծակ ստանալու, ինչը, ըստ երևույթին, հաջողվել է իրականացնել:
Ինչպես նշում է Օրուջլուն, բացի դրանից, անցնող տարին ընդհանուր առմամբ Ադրբեջանի համար տնտեսապես ևս անհաջող էր: Նրա խոսքերով՝ երկրի համար նավթի գնի կտրուկ նվազումը, այն երկրի համար, որի տնտեսությունն ամբողջապես կախված է նավթից, բերել է տնտեսության անկմանը:
«Եվ դրա առաջին նախանշանները մեզ համար արդեն տեսանելի են. նկատվում են բնակչությանը գալիք տարում թանկացումների, հավելյալ հարկերի ներդրմանը, գների բարձրացմանը փաստացի նախապատրաստման քայլեր: Ամբողջ աշխարհում բենզինի գինը նվազում է, սակայն Ադրբեջանում նման երևույթ առկա չէ», - նշել է քաղաքագետը:
Ինչպես նշում է Օրուջլուն, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը շատ լուրջ հետևանքներ ունիԱդրբեջանի համար: Այսպես թե այնպես, Ռուսաստանում տեղավորված բազմաթիվ ադրբեջանցիներ զրկվել են նախկին մեծ եկամուտներից, որոշներն ընդհանրապես՝ գործազուրկ են: Փաստացիորեն սկսվել է գործազուրկ ադրբեջանցի միգրանտների ներհոսքը դեպի երկիր, իսկ տնտեսությունը դրան պատրաստ չէր:
Ըստ փորձագետի՝ 2014-ին Ադրբեջանում ի հայտ են եկել հարյուրավոր մարդիկ, ովքեր տարբեր դրդապատճառներով պատրաստ էին կռվել Սիրիայում, Իրաքում, բայց ո՛չ Արցախում:
«Աճել է ինքնասպանությունների, դաժան սպանությունների թիվը: Ընդ որում՝ վերջինս սկսել է կրել զանգվածային բնույթ», - ասել է փորձագետը՝ հավելելով, որ այս ամենը հնարավոր է դարձել իշխանությունների կողմից իրականացվող ներքին քաղաքականության շնորհիվ:
«Երկրում հասարակական-քաղաքական վակուում է ստեղծվել, և անակնկալներ սպասվում են նաև հաջորդ տարում: Համակարգն ամբողջովին ոչնչացված է: Ո՛չ ԶԼՄ-ը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը, ո՛չ ընդդիմադիր ուժերը, որ այլև չկան, ոչ մի դեր չեն խաղում, բնակչությանը ոչ ոք չի լսում»,- ասել է նա:
«Ինքնաբուխ բողոքի առաջին նախանշանները մեզ նախազգուշացնում են քաոսային գործընթացի մասին: Եվ, եթե այդպիսի գործընթաց սկսվի, որի հավանականությունը մեծ է. կամ բոլոր ինքնաբուխ-քաոսային գործընթացները վերահսկվելու են իշխանություններ կամ էլ ծայրահեղականների և ծայրահեղ արմատականների կողմից»,- նշում է փորձագետը: