Հայոց ցեղասպանության զոհ դարձած գրողների աշխատանքները թարգմանվելու են տարբեր լեզուներով
2015 թվականին Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն են թարգմանվելու Հայոց ցեղասպանության զոհ դարձած գրողների աշխատանքները: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
Նա տեղեկացրեց, որ գերմաներեն լեզվով թարգմանողները հենց գերմանացի գրողներ են, ովքեր արդեն սկսել են իրենց աշխատանքը: Մայիսի սկզբին Գերմանիայում մեծ շուքով կկայանա շնորհանդեսը:
«Կարծում ենք՝ այլ լեզուներով էլ պետք է թարգմանվեն: Ամեն երկիր պետք է իմանա, թե Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած ինչպիսի մեծ գրողներ ենք ունեցել: Սա էլ իր ազդեցության չափը կունենա: Անշուշտ, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի նման մեծություններ ամեն օր չեն ծնվում»,- ասաց Է. Միլիտոնյանը:
Գրողների միության նախագահը նաև տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայերենից բազմաթիվ գրքեր են թարգմանվելու այլ լեզուներով, ինչպես նաև այլ լեզուներից (Ցեղասպանության թեմայով)՝ հայերեն:
Ամփոփելով 2014 թվականի գրահրատարակչական ոլորտը, Է.Միլիտոնյանն ասաց, որ պետական աջակցությամբ, պետական պատվերով, հրատարակիչների ծախսերով հրատարակվել են շատ լավ գրքեր:
«Միջազգային ցուցահանդեսներում հայ գիրքը ներկայանում է իր բարձր որակով: Եթե համեմատության մեջ դիտարկենք, կտեսնենք, որ եվրոպական մակարդակի գրքեր են իրենց տպագրական, արտաքին տեսքով: Զգալի աճ կա այս ոլորտում»,- նշեց նա:
Գրողների միության նախագահի խոսքով, հասարակության շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացել է. «Որոշակի հետաքրքրություն կա ժամանակակից գրականության, նաև մանկական գրականության, պատմության վերաբերյալ գրքերի նկատմամբ»:
Է. Միլիտոնյանի կարծիքով, գրքի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու ու մարդուն դեպի գիրքն ուղղելու գործում մեծ դերակատարում ունեն ԶԼՄ-ները: Ըստ նրա, ինչքան գրքերի, գրողների, հրատարակչական գործի մասին շատ խոսվի, քննարկումներ, բանավեճեր շատ կազմակերպվեն, այնքան մարդն ավելի շատ կցանկանա իր ձեռքը գիրք վերցնել: